Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր խառնակիչն է սեպ խրում կուսակից ընկերների միջեւ

Սեպտեմբեր 14,2012 13:10

Օրերս մեզ հետ զրույցում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ թեեւ քաղաքի բոլոր կլաններն ու կուսակցությունները իրենց դեմ աշխատեցին, սական Բալասանյանը հաղթեց: Ու քանի որ դեմ աշխատողների ցանկում շոշափվում է նաեւ պարոն Բալասանյանի կուսակից ընկերոջ՝ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը, մենք պատգամավորի գրասենյակից փորձեցինք պարզաբանումներ ստանալ այս թեմայի շուրջ:

Նշենք, որ այդպես մտածելու առիթ թերեւս հանդիսացել էին 1-2 միջադեպեր: Դրանցից մեկն այն էր, որ Սամվել Բալասանյանի՝ Թատերական հրապարակում տեղի ունեցած նախընտրական ամենավերջին քարոզարշավի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հավաքվածները Սամվել գոռալու փոխարեն Մարտուն էին գոռացել: Բացի այդ՝ հենց ընտրությունների օրը պատգամավորի թաղամասում գտնվող թիվ 34/28 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ասյա Սարգսյանը լրագրողներին ու ոստիկաններին դժգոհել էր, որ ԱԺ պատգամավորը իր թիմակիցների հետ կանգնելով ընտրատեղամասի դիմաց՝ ընտրողներին ուղղորդել, կոչ է արել քվեարկել քաղաքապետի դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանի օգտին: Ինչեւէ, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում հնչող այն կարծիքները, թե ԱԺ պատգամավորը ծանր է տանում ԲՀԿ-ի կողմից իրեն քաղաքապետ չառաջադրելու փաստը, եւ նման վարքագիծը այդ պատճառով է:

Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Որեւէ մեկը իրավունք չունի մեզ նման վատ որակներ տալ՝ ասել, որ աշխատել ենք կուսակցի դեմ, մենք էդ խնդիրը չենք ունեցել. դեռ առաջադրումներից 1, մեկուկես ամիս առաջ Մարտուն Գրիգորյանն ու Գագիկ Ծառուկյանը շատ հանգամանալից զրույց են ունեցել, այդ զրույցի ավարտին ձեռք ձեռքի են տվել, պայմանավորվել են, որ Մարտուն Գրիգորյանը չի առաջադրվելու, եւ բնականաբար՝ դրանից հետո որեւէ նեղացկոտություն որեւէ մեկի կողմից չպիտի դրսեւորվեր: Իսկ պարոն Բալասանյանը չի դիմել մեզ օգնության հարցով, ինչո՞ւ, որովհետեւ վստահ է եղել իր ուժերին: Էսօրվա քվեարկությունների արդյունքները ասում են, որ լավ էլ արել է, որ չի դիմել, ինքն իր ուժերով հասել է էդ տեսակ արդյունքի: Այստեղ էլ նեղանալու խնդիր չկա՝ ո՛չ մենք պետք է նեղանանք, ո՛չ էլ ինքը պետք է նեղանա: Մարտուն Գրիգորյանը արդեն հարցազրույցներ է տվել, ու ամեն ինչ ասվել է, եւ կարծում եմ՝ դրանից հետո մութ սենյակում կատու փնտրելն ընդամենը խառնակչություն է: Ես չգիտեմ, թե հատկապես ումից է պատվիրված, որ կուսակից ընկերների մեջ պետք է էս տեսակ սեպ խրվի»: Պարոն Աբրահամյանը խորհուրդ է տալիս հետեւել գրանցված արդյունքներին, որից էլ ամեն ինչ պարզ կդառնա: «Այն թաղամասերում, որտեղ Մարտուն Գրիգորյանն ունի ծանոթների, ընկերների եւ հարեւանների շրջանակ, Թուրքի թաղ ասածը՝ Արցախ թաղամասը, այդտեղ փայլուն հաղթանակ է տարել պարոն Բալասանյանը: Իսկ թե որտե՞ղ է պարտվել՝ բոլորը գիտեն, պատճառներն էլ գիտեն: Եթե քաղաքում որեւէ մեկին թվում է, թե Մարտուն Գրիգորյանն իր թիմով, իր ամբողջ ներուժով կաշխատեր մեկի դեմ, ու էդ մեկը էդ տեսակ արդյունքներ կգրանցեր, չարաչար սխալվում է: Էս ընտրությանը նախորդել են բազմաթիվ այլ ընտրություններ, վերջին հաշվով՝ մայիսի 6 է եղել, եւ այս քաղաքում բոլորը գիտեն՝ ով ազդեցության ինչպիսի ուժ ունի»: Անդրադառնալով Թատերական հրապարակում ընտրազանգվածի կողմից «Մարտուն» գոռալու փաստին՝ մեր զրուցակիցն ասաց. «Էդ փաստը մենք չենք հերքում, բայց դա կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ. ես էլ, օրինակ, կարող եմ ասել, որ թիմը ողջունում էր Մարտուն Գրիգորյանին, դուք կարո՞ղ եք հակառակ պնդումն անել: Նրան ընդունում են ամեն տեղ՝ անունը վանկարկելով, ամենաջերմագին արտահայտություններն անելով: Եթե ինչ-որ մեկը բողոքում է էս իրավիճակի դեմ, հիմա մենք ի՞նչ անենք: Հիմա Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկը՝ հարեւանական-բարեկամական պարտավորություններով, պաշտպանել է Հովսեփ Սիմոնյանին, էդ նշանակում է, թե Մարտուն Գրիգորյանը իր ամբողջ թիմակիցներով կանգնած էր Հովսեփ Սիմոնյանի կողքի՞ն՝ ընդդեմ Բալասանյանի: Ես կարծում եմ, որ սա խառնակչություն է»:

Ըստ պարոն Աբրահամյանի՝ իրենք միշտ էլ նորմալ ու լավ հարաբերությունների մեջ են եղել Սամվել Բալասանյանի հետ, եւ առնվազն անբարոյականություն է մտածել, որ իրենք կարող էին կուսակցի դեմ աշխատել. «Մենք էդ տեսակ մարդիկ չենք, ինչ ասում ենք՝ ասում ենք հրապարակային, շիտակ, եւ տակից, ներքեւից, կողքից աշխատող չենք»: Ըստ նրա՝ այդպիսի խառնակիչներից մեկն էլ թիվ 34/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ասյա Սարգսյանն է, ով, մեր զրուցակցի բնութագրմամբ, հոգեկան լուրջ խնդիրներ ունի, եւ նա ճիշտ կանի պատասխան տա իր կատարած քրեական հանցագործության համար, երբ որ ավագանու թեկնածու, քաղաքի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը նրա պատճառով 15 ձայն է կորցրել, իսկ Վարդան Եդիգարյանը, ով այդ թաղամասի բնակիչ է, մեծ ազգուտակ ու ընկերություն ունի, 103 ձայն է հավաքել, մինչդեռ այս տիկինը 3-ն է գրանցել: Մեր զրուցակիցը երիտասարդ պատգամավորի՝ քաղաքապետի թեկնածություն չառաջադրելը մեկնաբանում է այսպես. «Մայիսի 6-ին Մարտուն Գրիգորյանին ընտրել են որպես պատգամավոր, եւ իսկապես՝ շատ-շատերը կարող էին հարցնել՝ բա մեր պատգամավորը ինչո՞ւ գնաց ուրիշ տեղ, ի՞նչ է սա՝ տրամպլի՞ն էր, սա նպատա՞կ էր, թե՞ միջոց»: Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանն էլ, թե քաղաքապետի թեկնածու ընտրելիս հարցումներ են անցկացրել գյումրեցիների շրջանակում ու 3 ԲՀԿ-ականներից՝ Մարտուն Գրիգորյան, Վարդեւան Գրիգորյան եւ Սամվել Բալասանյան, որոշել են առաջադրել Սամվել Բալասանյանին, քանի որ գյումրեցիները ամենից շատ նրան էին վստահում, Աղասի Աբրահամյանը արձագանքում է հարցադրմամբ. «Էդ հազարավոր մարդկանց մեջ գոնե մեկը էդ հարցման բլանկը տեսա՞վ, թե՞ չտեսավ, պիտի տեսներ, չէ՞: Որ տեսներ, մենք էլ կտեսնեինք, չի եղել, դրա համար էլ չենք տեսել»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930