Քանի որ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, ապա ինչպես այդ ընտրատարածքը, այնպես էլ՝ մանդատից հրաժարված ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտրատարածքը՝ թիվ 1-ը, առաջիկայում թափուր կլինեն: Այսօր ԱԺ քառօրյա նիստերն ամփոփելիս լրագրողները Արամ Մանուկյանին հարցրեցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններին, որպեսզի ավելացնի իր ներկայությունը ԱԺ-ում: Արամ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ դեռ ոչինչ հստակ չէ՝ մինչեւ ամսի 21-ը այդ տարածքի բաց լինելը, ես կարող եմ ասել՝ երբ ամենեւին հստակ չէ, թե որ քաղաքական ուժերն ինչպիսի ակնկալիք եւ ինչպիսի հավակնություն ունեն այդ ընտրատարածքում, ես ստույգ չեմ կարող ասել: Չկա որեւէ որոշակիություն, չունենք հստակ դիրքորոշում, որ արտահայտենք: Կարծում եմ՝ դա կլինի ամսի 21-ի նիստից հետո, երբ գոնե հստակ կլինի՝ «Ժառանգության» ցուցակով եկողն ով է, որեւէ մեկը չի կարող ասել»: Լրագրողները հուշեցին, որ քիչ առաջ է Ռուբեն Հակոբյանն ասել՝ Թեւան Պոոսյանն է, նա այսպես արձագանքեց. «Մի՛ շտապեք: Ես էլ եմ այդպես լսել, բայց ամենեւին չեմ բացառում այլ սցենար: Արի ենթադրելով չասենք: Զուտ տեսականորեն Րաֆֆին կարող է չհրաժարվել, տեսականորեն կարող է հաջորդ համարն էլ հրաժարվել, կարող է գալ Ստեփանը: Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեղած խնդրի շուրջ մեկնաբանություն տան»:
Լրագրողների հարցին՝ այսինքն՝ սպասում եք տեսնեք, թե մյուս քաղաքական ուժերը ինչ կանեն, ում կառաջադրեն, որ դուք ձեր անելիքներն իմանա՞ք, նրանց սատարեք, թե չէ՞՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Առայժմ ՀԱԿ-ը թիվ 1 ընտրատարածքի հետ կապված եւ Գյումրիի ընտրատարածքի հետ կապված որեւէ քննարկում չի արել, որեւէ առաջարկություն դեռեւս չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ