Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, իմ ընտանիքը, իմ հարազատները մարտի 1-ի սպանություններով տուժող ենք»

Սեպտեմբեր 14,2012 13:04

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի հարազատներին հավաստիացնում է, որ սպանությունների բացահայտման հարցը կոմպրոմիսի ենթակա չէ:

«Քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, իհարկե՝ զոհերի ծնողները մեղադրանքներ հնչեցնելու իրավունք ունեն»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ երեկ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին տված հարցազրույցում մարտի 1-ի զոհերի ծնողներից Վաչագան Ֆարմանյանն ասել էր. «Արմատական ընդդիմութունը եւ իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի հետաքննությունը»: Ինչո՞ւ է որդեկորույս հայրը նման տպավորություն ստացել՝ հարցին Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Դուք գիտեք, որ թե նախընտրական շրջանում, թե հիմա ՀԱԿ-ը հետեւողականորեն բարձրացնում է մարտի 1-ի հարցը եւ բոլոր առիթներն օգտագործելու է դրա համար: Օրինակ՝ առաջին նստաշրջանի առաջին հայտարարությունների ժամին ես խորհրդարանում հայտարարությամբ հանդես եկա, որն ամբողջությամբ վերաբերում է մարտի 1-ին, եւ որը տեղադրված է իմ կայքում: Եվ այստեղ մի հետաքրքիր դետալ՝ չնայած ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի պահանջներին, այդ հայտարարությունը հեռուստատեսությամբ չհեռարձակվեց: Իշխանությունը, հեռուստատեսությունը գրաքննել է իմ հայտարարությունը (այս առիթով Հ1-ն արդեն պարզաբանել է, որ «օգտվելով իր խմբագրական ազատությունից»՝ Հ1-ն ինքն է որոշում, թե որ հայտարարությունը հեռարձակի-Ն. Գ.): Մնացած բոլոր առիթներով մենք մարտի 1-ի խնդիրը բարձրացրել ենք, բարձրացնում ենք եւ շարունակելու ենք բարձրացնել»:

«Առավոտի» դիտարկմանը՝ մինչ օրս մարտի 1-ի զոհերի ծնողները արդարացի բողոք են հնչեցրել, եւ դա միայն իշխանությանն է վերաբերվել, ընդդիմության հասցեին մինչ օրս որեւէ բողոք չի հնչել այդ մարդկանց կողմից, իսկ այժմ հնչում է, այն էլ՝ մեղադրում են «հետաքննությունը սպանելու» մեջ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Քանի դեռ սպանությունները բացահայտված չեն, մենք պետք է ըմբռնումով եւ ուշադիր լսենք այդ բոլոր հայտարարությունները: Քանի դեռ բոլոր մեղավորները արժանի պատիժ չեն ստացել, իհարկե՝ զոհերի ծնողները իրավունք ունեն մեղադրանքներ հնչեցնելու ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ հասարակության հասցեին»: Իր՝ Նիկոլ Փաշինյանի համար խնդիրն այսպես է դրված. «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը հասարակական-քաղաքական-իրավական օրակարգից չի կարող դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել»:

Սեպտեմբերի սկզբին մեր զրուցակիցը Լեհաստանում մասնակցել է տնտեսական մի ֆորումի, որտեղ քննարկում է եղել նաեւ տարածաշրջանային քաղաքական թեմայով: Այնտեղ էլ ԵՄ-ի, եվրոպական մի շարք ներկայացուցիչների առաջ Փաշինյանը դարձյալ բարձրացրել է մարտի 1-ի թեման: Այս մանրամասները հրապարակելով՝ մեր զրուցակիցը նկատի ունի, որ բոլոր հարմար առիթներով եւ բոլոր ատյաններում իրենք խոսելու են այդ մասին: «Ես ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին եւ իմ հարազատներին համարում եմ մարտի 1-ի սպանություններով տուժող: Որովհետեւ երբ կրակել են, օրինակ, Գոռ Քլոյանի վրա, կրակողը չի իմացել, որ կրակում է Գոռ Քլոյանի վրա՝ ծնված այսինչ հասցեում, աշխատող՝ այսինչ եւ այլն: Ինքը կրակել է քաղաքացու վրա: Այսինքն՝ ինքը կրակել է նաեւ ինձ վրա, ձեզ վրա: Հասկանալի է, որ զոհերի ընտանիքների կսկիծը շատ ավելի մեծ է, եւ նրանք շատ ավելի մեծ իրավունք ունեն մեղադրելու բոլորին, քանի դեռ սպանությունը բացահայտված չէ»: Անդրադառնալով բուն գործին եւ նրա «քնած» ընթացքին՝ Փաշինյանը նկատեց. «Այդ գործը բացահայտելու շատ կոնկրետ հնարավորություն եւ միջոց կա. «Չերյոմուխա 7-ն» օգտագործած չորս ոստիկանների «պոչից է պետք բռնել»: Երբ նրանք կբացեն իրենց հրաման տվողների անունները՝ ամբողջ պատմությունը շղթայական ռեակցիայով կբացահայտվի»:

Դիտարկմանը՝ գուցե «արմատական ընդդիմութունը եւ իշխանությունը հավասարապե՞ս են սպանում մարտի 1-ի հետաքննությունը» տպավորությունների առիթը նաեւ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային պայքարի թուլացումն է, պատգամավորը հակադարձեց. «Ես չեմ կարծում. ըր հանրահավաքում հնչեցրած ելույթը եւ խորհրդարանում կամ եվրոպական համաժողովում հնչեցրած ելույթը… դրանք, իհարկե, որոշակի տարբերություններ ունեն, բայց դրանք նաեւ առավելություններ ունեն: Խնդիրը հետեւյալն է՝ արդյոք քաղաքական օրակարգում կա՞ նման հարց: Այո, կա: Դա ինձ համար թիվ մեկ հարցն է: Արդյոք այդ հարցը ենթակա՞ է որեւէ կոմպրոմիսի: Ինձ համար չկա որեւէ նպատակ, որի պատճառով կարելի է կոմպրոմիս գտնել մարտիմեկյան սպանությունները բացահայտելու ուղղությամբ: Մարտի 1-ի ոճրագործները, որոնց մի մասը խորհրդարանում է, մի մասը կառավարությունում է, մի մասն ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակում է, բոլորը պետք է ստանան իրենց արժանի պատիժը: Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անելու է դրան հասնելու համար: Այստեղ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930