Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր եւ մեծ ռասիզմը

Սեպտեմբեր 14,2012 12:57

Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին՝ «գնչուներ», եւ մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել՝ մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկումներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի եւ կացութաձեւի մասին: Բայց առավել կարեւոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում՝ ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ եւ իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսեւորումներ ունեն: Օրինակ՝ Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլեւ ռասիստական արարքների համար:

Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական «պոլիտկոռեկտություն» է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք՝ եվրոպացիները չեն հետեւում, բայց մենք՝ հայաստանցիներս, դրանք մինչեւ վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են: Վերջերս Շիրակի մարզի Ձորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր «վերարտադրությունն» ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբեւէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները (դա նորմալ է) եւ գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են՝ սյուժեն եթեր է գնացել թե Գյումրիում, թե Երեւանում: Այսինքն՝ գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:

Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձեւը՝ գնդակոծել եւ հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:

Անձամբ ինձ համար ավելի կարեւոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել եւս՝ «որտեղացի» լինելը: Այսինքն՝ ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ՝ թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որեւէ ձեւով հնարավոր է արդարացնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930