ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ամփոփեց ԱԺ քառօրյան: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ շատ քաղաքական ուժեր՝ ընդդիմությունը հատկապես, անարդյունավետ որակեց Վերահսկիչ պալատի գործունեությունը, հաշվետվությունը, դուք համաձա՞յն եք: Նա պատասխանեց. «Վերահսկիչ պալատի տեղեկանքի մասին տարիներ շարունակ լսում ենք դա: Մենք պետք է տանք ճիշտ գնահատականներ: Միանշանակ ասել, որ երկրում ամեն ինչ փոխվել է, համակարգում ամեն ինչ փոխվել է՝ չենք կարող: Բայց այն, որ բավականին ծանրակշիռ աշխատանք է կատարել ՎՊ-ն, մենք դա պետք է գնահատենք: Մենք միշտ հարցադրումներ ենք արել: Կա տարբերություն: Ձգվում են հիմնարկ-ձեռնարկությունները, արդեն գիտեն, որ պետք է հաշվետվություն տան: Սա առաջընթաց է, բայց ոչ լիարժեք, որ բոլորին պետք է գոհացնի: Ես հուսով եմ, որ տարիներ շարունակ ավելի կլավանա:
Մեր հարցադրումները ավելի շատ վերաբերում էր գնումներին: Նույնիսկ այնպիսի չարաշահումներ է եղել, որ շուկայական գներից ավելի բարձր գներով գնումներ են տեղի ունեցել: Ուղիղ մտել են պետության գրպանը: Սա նշանակում է, որ այստեղ խնդիր կա: Սա աղաղակող էր բավականին: Պետք է պատիժներ տան, որպեսզի նրանք չմտնեն սոցիալապես անապահովների գրպանը, չարաշահումներ չանեն»:
Մենք նաեւ ճշտեցինք՝ ինչպե՞ս եք բացատրում, եթե գողերը հայտնի են, ինչո՞ւ չեն բռնում նրանց ձեռքը, ճի՞շտ է ընդդիմության մտավախությունը, որ նրանք պետք է օգտագործվեն առաջիկա «արդար» ընտրություններին ընտրակաշառքներ բաժանելու, ընտրակեղծիքներ անելու համար: «Վերահսկիչ պալատի ստուգումները պետք չէ քաղաքականացնել: Ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն պատժելու հետ Դատախազությունը պետք է զբաղվի այն մարդկանցով, որոնք չարաշահմամբ են զբաղվել: Եղել են ձերբակալություններ եւ պատասխանատվության ենթարկված մարդիկ: ՎՊ-ն իրավասու լինի ներկայացնելու համապատասխան մարմիններին, որ այդ ապաշնորհ պաշտոնյաները, որոնք օգտվելով իրենց պաշտոններից, կեղծիքներ են անում, պետք է նրանք պատժի ենթարկվեն: Պետք է ՎՊ-ին աջակցել, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ գործառույթներ ունենալ»:
Կարդացեք նաև
Լրագրողները խնդրեցին տիկին Բիշարյանին մեկնաբանել այն լուրերը, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հանդես են գալու միասնական թեկնածուով եւ դա կլինի Ռոբերտ Քոչարյանը: Նա պատասխանեց. «Լուրերը, որ այդ քաղաքական ուժերը փորձում են միասնական կոալիցիա ձեւավորել, կա, բայց քանի նոր պաշտոնական հրապարակում չի եղել այդ մասին, ես չեմ մեկնաբանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ