Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Ի՞նչ է անում այսօր «Հանրապետություն» կուսակցությունը եւ ի՞նչ քայլեր է նախատեսում անել:
– «Հանրապետություն» կուսակցությունը զուտ ներկուսակցական խնդիրներ ունի լուծելու։ Համագումարի ենք պատրաստվում, որը նոր քաղխորհուրդ կընտրի։ ՀԱԿ-ից դուրս գալուց, պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո կուսակցությունը նոր վիճակում է հայտնվել, եւ հիմա բազում նոր համակիրներ ունենք, մարդիկ, որ իրենց տեսակետների պաշտպանությունն ու գաղափարների իրականացումը քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններից հենց «Հանրապետությունից» են ակնկալում։ Համագումարից առաջ տեղական կառույցներում արդեն 30-ից ավելի հանդիպումների պայմանավորվածություն ունենք, դահլիճ կտրամադրեն՝ լավ, չեն տրամադրի, բացօթյա կանենք, ժամանակին Մատենադարանում համագումար ենք արել, խնդիր չկա։ Եթե մինչեւ աշնան վերջ կուսակցական ակտիվի հետ ծրագրված հանդիպումներն անենք, գրասենյակներ բացենք, բոլորովին այլ թեմաներից կարող ենք խոսել՝ թե քաղաքական կյանքի վրա «Հանրապետություն» կուսակցության ազդեցության, թե՛ նրա բարձրացնելիք հարցերի առումով։ Առաջիկայում ունեմ նաև հանդիպումներ Հայաստանից դուրս։
– Նախագահական ընտրություններին «Հանրապետությունը» մասնակցելո՞ւ է եւ ի՞նչ ձեւաչափով։
Կարդացեք նաև
– Մասնակցելու է ակտիվորեն։
– Սեփակա՞ն թեկնածուով։
– Ես անձի խնդիր չեմ դնում, ես խնդիրը տեսնում եմ գործընթացների մեջ։ Կա հասարակական աջակցություն ունեցող եւ հաղթելու մեծ նախադրյալներ ունեցող թեկնածուին աջակցելու խնդիր, այդպես եղել է 2003-ին Ստեփան Դեմիրճյանի դեպքում, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ «Հանրապետությունը» ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել այդ գործընթացներին, 2004-ի ապրիլի 12-ից ու 2008-ի մարտի 1-ից հետո բանտերում հայտնված քաղբանտարկյալների մեջ «Հանրապետության» անդամները մեծամասնություն էին։ Մենք ապացուցել ենք, որ անձնական հավակնությունների խնդիր չունենք, մեր խնդիրը ոչ թե մեր տեղի ու դերի ապահովումն է, այլ իրական փոփոխությունների հասնելը։ Եթե իրավիճակ ստեղծվի, որտեղ այդ դերը կարող ենք մենք կատարել, պատվով ու խղճով կկատարենք՝ համարելով սրբազան պարտք։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»