Լրագրողները Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր էր եղել, որ իր ծառայողական մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել էր: Պատգամավորը վստահեցրեց, որ այդ միջադեպից հետո մեքենան ԱԱԾ եւ ԱԻՆ մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել եւ հաստատվել է վարկածը, որ ընդամենը վառելիքի արտահոսքն էր պատճառը, որեւէ մութ պատմություն կամ խնդիր չկա:
Քանի որ մեքենան պատգամավորին հատկացված էր Ազգային ժողովի կողմից, այն կփոխարինվի մեկ այլով: Իբրեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հովհաննես Մարգարյանին կհատկացվի «Վոլգա» մակնիշի մեքենա:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ պատգամավորին գոհացնո՞ւմ է նախկին խորհրդային արտադրության մեքենան: Հովհաննես Մարգարյանը տարակուսեց ու գերադասեց, իր խոսքով ասած՝ անկեղծ լինել. «Մտածենք մեր երկրի բյուջեի մասին»: Պատգամավորը նաեւ հպարտությամբ հայտարարեց, որ տասը տարի ծառայողական մեքենա է ունեցել եւ որեւէ անգամ որեւէ տեղում եւ որեւէ իրավիճակում իր մեքենան չի հայտնվել ուշադրության կենտրոնում՝ խախտում կատարելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ