Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանում կկայանան ՏՒՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալ,ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վանուշ Ամիրաղյանն իր նախընտրական բուկլետը վերնագրել է՝ «Շարունակենք շենացնել Նոյեմբերյանը»: Բուկլետի տեքստի սկզբնամասում Վանուշ Ամիրաղյանն անդրադարձել է նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի «թողած» պարտքերին եւ նշել. «Համայնքի բյուջեի սեփական եկամուտներից 1.7 մլն դրամ տույժ է վճարվել հարկային տեսչությանը՝ նախորդ իշխանությունների կողմից հաշվարկված, բայց չվճարված 2 ամսվա աշխատավարձեը: 2009թ.-ի օգոստոսից զրոյացել են քաղաքապետարանի բոլոր պարտքերը, բարձրացվել եւ առանց ուշացումների վճարվել են բոլոր աշխատողների աշխատավարձերը»:
Բուկլետում նաեւ այսպիսի տող կա. «Կբարձրացվեն աշխատակիցների աշխատավարձերը»: Հավանաբար, Վ. Ամիրաղյանը նկատի է ունեցել քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկությունների աշխատակիցներին: Սակայն նա իր նախընտրական բուկլետում չի նշել, որ իր պաշտոնավարման վերջին շրջանում(2008-2012թթ.) քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկությունների աշխատողներին երկու տարի «պարտադիր-կամավոր» սկզբունքով մի ամիս, առանց վճարելու, նրանց հաշվին, արձակուրդ է ուղարկել: Մեր տվյալներով՝ միայն քաղաքապետարանի 3 աշխատակից կարողացել են ընդդիմանալ քաղաքապետին եւ իրենց հաշվին արձակուրդ չգնալ: Ի դեպ, այդ 3-ից մեկն այժմ ակտիվորեն լծված է Վանուշ Ամիրաղյանի նախընտրական քարոզչության գործին:
Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրություններում Վանուշ Ամիրաղյանի մրցակիցն է անկուսակցական գործարար Քաջիկ Անանյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ