Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թիվ մեկ խեղճուկրակի դեմ դատը. «Փուչիկների գործով» դատաքննությունը սկսվեց

Սեպտեմբեր 14,2012 11:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց «փուչիկների գործով» մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Միայն 25 րոպե պահանջվեց, որպեսզի  ճշտվի 155 տուժողի ներկայությունը: Ընթերցված անուններից պարզվեց, որ դատական նիստերի դահլիճ է եկել 43 տուժող: 12 վկաներից ներկա էին 5-ը: Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հակոբ Մարտիրոսյանը:

Սերոբ Բոզոյանը ուներ 2 անչափահաս երեխա, զբաղվում է պատահական աշխատանքներով, ունի խոց, 2 հատ ճողվածք (գրիժա): Նա չուներ պաշտպան, ինչպես որ իրենց ներկայացուցիչները չունեին դատարանում տուժողները եւ անհավասար մրցակցության իրավիճակ էր ստեղծվել այս առումով:

Սերոբ Բոզոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, օգտագործման կանոնների խախտման, որը առաջացրել էր ծանր հետեւանքներ:

Դահլիճում ներկա տուժողների մեծ մասի (հիշեցնենք, որ 154 անձ է դիմել բուժհիմնարկներ) ձեռքերը ձեռնոցներով էին, դեռ վիրակապերի մեջ: Այնուամենայնիվ, ամբաստանյալը, որի նկատմամբ դահլիճում կարեկցանքից բացի այլ զգացում չկար եւ, տուժողների պնդմամբ՝  «այս խեղճուկրակը չպիտի պատասխան տար միայն», հայտնեց, որ ուզում է ունենալ հանրային պաշտպան եւ քանի որ գումար չունի, դատարանից խնդրեց իր միջնորդությունը հարգել: Նա նաեւ միջնորդեց արագացված դատաքննություն, ինչի կապակցությամբ դատախազ Հակոբ Մարտիրոսյանն ասաց, որ մեղադրական եզրակացության ժամանակ արագացված դատաքննության դեմ առարկություն է եղել: Նա հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Յանկովիչն ընդդեմ Սլովակիայի» գործը, որտեղ խոսք է գնացել արագացված դատաքննություն կիրառելու ժամանակ տուժողների դիրքորոշումը ճշտելու հետ կապված: Դատախազը նաեւ նշեց, որ հանրային պաշտպանի ներկայությունը արագացված դատաքննության ժամանակ պարտադիր է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին:

Ուշադրության արժանի էր այն, որ թերեւս տուժողների քանակով  այս գործը նման է «Հոկտեմբերի 27»-ի գործին եւ սակայն տուժողները ունեին իրենց ներկայացուցիչները դատարանում, ինչը հնարավորություն էր տալիս ունենալ նրանց իրավական դիրքորոշումը ցանկացած հարցի կապակցությամբ: Մի քանի տուժողների՝ դահլիճում վարանոտ «այո» ասելը դեռ չէր նշանակում, թե պետությունը նրանց դատավարական իրավունքները հարգեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930