37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարեն Հակոբյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգվում եւ դատաքննություն չի սկսվում, փաստաբանը արձագանքեց. «Նշանակվել են մի շարք փորձաքննություններ եւ սպասում են փորձաքննության պատասխաններին»:
Ավելի վաղ Մկրտիչ Վասակյանը արձագանքելով դիտարկմանը, թե վարկածներից մեկի համաձայն, սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, ասել էր. «Դա այդպես չէ: Իրականում տուժողի հետ անձնական անհաշտությունների, վիճաբանությունների խնդիր է եղել: Նրանց մեջ առաջացած վեճը տղայական դրդապատճառներ է ունեցել: Անհարգալից վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ` տուժողը նրա նկատմամբ: Ոչ էլ պարտք ու պահանջի ինչ-որ հարց է եղել»:
Նշենք, որ Արամ Հովակիմյանի սպանությունը տեղի էր ունեցել մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 11-ի որոշմամբ 2 ամսով Կարեն Հակոբյանը կալանավորվել էր եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նա սպանվածի հետ ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է սպանության: