Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեթհիյե Չեթին. «Իրականությունը հերքելը ամենամեծ մեղքերից է»

Սեպտեմբեր 13,2012 22:47

Սիվիլիթաս հիմնադրամը այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կազմակերպել էր հանդիպում Հրանտ Դինքի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ և գրող Ֆեթհիյե Չեթինի և դերասանուհի Արսինե Խանջյանի հետ:

Ֆեթհիյե Չեթինը պատմեց իր մանկությունից մի քանի մանրամասներ: Նա մեծացել է մուսուլման ընտանիքում, սովորել թուրքական դպրոցում, որտեղ նորագույն պատմության մասին խոսելիս թուրք ազգն իր թշնամու առաջ միշտ հաղթող և ուժեղ է դուրս եկել, սակայն Չեթինին իր Հրանուշ տատիկը, որը հայ է եղել, 70 տարեկան հասակում պատմել է մի պատմություն, որը լսելուց հետո գրողը անսովոր վիճակում է հայտնվել: Տատիկը ամոթի և վախի պատճառով չի բարձրաձայնել ճշմարտությունը, պետությունը ճնշման տակ է պահել, նա լռել է և սպասել: Շատերն են այդպես վարվել, եղել են մարդիկ, ովքեր մահվան մահճում նոր բարձարաձայնել ու տեղեկացրել են եկող սերունդներին իրենց երկրի իրական պատմությունը: Փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նայել է շուրջը ու տեսել, որ այն ամոթը և անարդարությունը որ եղել է՝ դեռ կա ու շարունակվում է:

«Հայերը շատ քիչ էին և ճնշման տակ էին ապրում, տատիկիս պատմած պատմությունը ճշմարիտ էր, իսկ այն ինչ պատմում էին թուրքական դպրոցում իրականությանը չէր համապատասխանում: Իրականությունը հերքելը ամենամեծ մեղքերից է, ես սկսեցի հավատալ, որ իսկական պատմությունը դա տատիկիս պատմածն էր: Հայերի շահերի համար պետք է պայքարել Թուրքիայում»:
Լինելով փաստաբան Չեթինը նշում է, որ իր տատիկը իր ուսերին մեծ բեռ է թողել, նա չի ցանկանում դա փոխանցել նոր սերնդին, այլ ուզում է ազատել դրանից.«Հրանտ Դինքը սպանվեց և սպանվեց ամեն ինչ, ես բոլոր մարդկանց շահերի պաշտպանն եմ, ես հայ եմ, մյուս կողմից էլ տարբեր ինքնությունների կրողը, մի կողմից ես տուժած ազգի հետևորդն եմ, մյուս կողմից թուրք ազգի, իմ սիրտը ցավում է բոլորի համար»:

Դերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես շատ հակիրճ ձևով պատմեց իր «լեռ մագլցելու» պատմությունը, նա Արարատ լեռը համարեց լեռների լեռ` ամենալեռ, երկար տարիներ երազելուց հետո նա վերջապես հասել էր իր երազանքին.
«Լեռը պատկանում է Հայաստանին, այն իմ հայրենիքն է: Երկար ժամանակ ես հրաժարվել էի գնալ Թուրքիա, իմ առջև դրել էի, որ կգնամ միայն մի պայմանով, եթե ինձ հյուրընկալողներն ասեն, որ ցեղասպանությունը ընդունված է և ես զգացի, որ այս հանդիպումը շատ հարմար պահ է զրուցելու բացեիբաց»:

Տիկին Խանջյանը ողջունեց թուրք գրողին իր հայրենիքում և ասաց, որ սա առաջին ժողովներից մեկն է, որտեղ հայ և թուրք ազգի ներկայացուցիչները բացեիբաց զրուցելու են իրենց երկրների պատմությունների մասին.
«Թուրքերը միշտ ապշում են, երբ ակնարկում ես այս պատմության մասին, նրանք անպատրաստ են, իրենց համարում են թշնամուց ուժեղ ու հաղթող, իսկ մենք պատրաստ ենք ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել»:

Դերասանուհին հարցրեց, թե տատիկը ինչու է հենց գրողին ընտրել այս իրադարձությունը պատմելու համար, որին տրվեց հետևյալ պատասխանը. «Ժամանակի առումով նպատակահարմար էր խոսել, իմ տատիկի նման շատերը պատմեցին, անգամ նրանք, ովքեր մահանալու շեմին էին, նրանք պատմեցին և հանգստացան, կարծես բեռից ազատվեցին: Ես բախտավոր եմ ինձ զգում, նա ընտրեց 24 տարեկան մի փաստաբանի, ով միշտ դեմ էր պետությանը: Ես օգնելու էի արդարությանը, որովհետև տեսնում էի անարդարություններ»:

«Բավական ժամանակ տևեց, մինչ գրի առաք այս պատմությունը, տատիկը վստահելով էր պատմում և դուք այն դարձրեցիք բոլորի սեփականությունը, պատմեք մի փոքր դրա մասին»,- դիմեց դերասանուհին. «Միշտ ուզում էի հասարակությանը պատմել, սկզբում նեղ բարեկամական շրջանակում պատմեցի, հետո գիրքս տպագրեցի, ես ուղղակիորեն չեմ մասնակցել 1915 թ.-ի ջարդերին, բայց ես լռում էի, հենց այդ պատճառով էի մեղավոր, ես գրեցի գիրքը և բարձրաձայնեցի, այն իմ սրտին էր դիպչում հետևաբար ցանկացա, որ բոլորին էլ դիպչի: Մի կողմից արտասվում էի, մյուս կողմից գրում, վերջացնելուց հետո դրեցի մի կողմ ու երկար ժամանակ չկարողացա ընթերցել: 2007թ.-ին, երբ սպանվեց Հրանտը` ցեղասպանության լուրը ավելի բարձրացավ, և շատերը սկսեցին կարդալ հենց ցեղասպանության մասին»- պատմեց Ֆեթհիյե Չեթինը:

Դերասանուհին փաստեց, որ Թուրքիայում հայ ասելը ինչ որ վիրավորանք է, դա կարծես մարդկային տեսակի ենթատեսակն է, ավելի լավ է թուրքերին շուն ասեն, քան թե հայ. «Երբ մահացավ Հրանտ Դինքը, 200000 թուրք քաղաքացիներ ասացին, որ, նրանք Հրանտ Դինքեր են, այդ օրը նման խոսքեր ասելը հեշտ էր, Դինքը վճարեց իր կյանքով»:

Հարցին, թե հայ լինելը այսօր ինչքանով է վտանգավոր և ինչպես են վախի երևույթով հայերը ապրում այնտեղ, գրողը պատասխանեց. «Վախենալը մարդկային զգացում է, բայց ես ճիշտ եմ, ես ուզում եմ մարդկանց պատմություններից ելնելով ապրել, ամենահետամնաց թուրք մարդուն էլ հասանելի է այս պատմույթունը, երբ նրանց հարցնես կասեն, որ այո, ոճրագործություն եղել է:

Թուրքերը պատմական հետքերին հետևելով կարեղ են այս ամենի հետ հաշտվել, միանգամից ընդունելը շատ դժվար է, բայց կամաց-կամաց կհասնենք դրան, 10 տարի առաջ սա չէինք պատկերցանի, իսկ հիմա անգամ նման հանդիպումներ ենք ձեռնարկում»:

Արսինե Խանջյանը եզրափակելով իր խոսքը ասաց, որ Թուրքիայի խնդիրը ոչ միայ ցեղասպանության ընդունումն է, այլ նաև ժողովրդավարության, որը չկա:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930