Այսօր Մոսկվայի տանը կազմակերպվել էր հանդիպում Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: Ներկաները նախ դիտեցին «Ճանապարհ դեպի ինձ» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էր նրա մասին, բայց կադրերին փոխարինել էին նրա նկարները` իր պապերից մինչեւ հիմա: Դրանից հետո բեմ դուրս եկավ Բաբայանը եւ կատակեց. գլխարկը դրեց գետնին, որպեսզի հանդիսատեսը փող գցի այդտեղ:
Ռուբեն Բաբայանի խոսքը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Առաջին անգամ եմ բեմ բարձրանում, շատ դժվար է, կարծես կանչել են դաս պատասխանելու, բայց ես այն չգիտեմ: Ես այնքան էլ չեմ սիրում մոնոլոգը, գտնում եմ, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, նախընտրում եմ դիալոգը:
Առաջին իմ ուսուցիչը եղել է իմ պապը: Նա հիանալի մարդ էր, ով շուտ էր կորցրել իր հայրիկին: Տաղանդավոր էր, գրում էր հեքիաթներ, որոնք պատմում էր մեզ: Կատակասեր էր, չկար օր, որ նա չծիծաղեցներ մարդկանց: Հիշում եմ, որ մի անգամ մեզ խաբել էր, ասելով, որ Այվազովսկին իրեն հարցրել է, թե ինչ նկարի: Մի օր պարզեցի, որ նկարիչը մահացել է, երբ պապս 4 տարեկան էր:
Մայրս, ով ցանկացած տարիքում պահպանում էր իր գեղեցիկ արտաքինը, շատ ուշադիր էր մեր հանդեպ: Նա առաջնորդվում էր «Կամ ես քեզ կսպանեմ, կամ էլ քեզ մարդ կդարձնեմ» կարգախոսով, բայց ոնց տեսնում եք` այդ երկուսից ոչ մեկը չի ստացվել:
Ես միշտ զարմանում էի, թե հայրս որտեղից ուներ եվրոպական մտածելակերպ: Նա ձգտում էր ազատության, գիտեր Հայաստանի բոլոր թատրոնները, գրում էր պիեսներ: Ես չէի կարդում նրա ստեղծագործությունները, բայց մի օր պետք է խաղայի նրա պիեսներից մեկում: Կարդացի եւ հիացա, ամեն ինչ` սկզբից մինչեւ վերջ մտածված էր:
Սովորել եմ Պուշկին դպրոցում, սակայն սովորել եմ ոչ թե իմ ուսուցիչներից, այլ դասընկերներիցս ու շրջապատիցս: Մինչ այսօր մենք հանդիպում ենք, եւ անում նույն հիմարությունները, ինչ դպրոցում: Ուսուցչի քաղցրությունը ես զգացի Բրյուսովի համալսարանում: Նա ինձ սովորեցրեց մտածել, ամեն ինչին խորը հայացքով նայել: Իր ամենասիրելի ուսանողներից էի, օգնում էր ամեն հարցում, նույնիսկ դիպլոմային աշխատանքիս ժամանակ:
Դրանից հետո պատահական ես աշխատանքի ընդունվեցի թատրոնում: Այստեղ նույնպես հիանալի ուսուցիչ ունեցա` Երվանդ Մանարյանը: Նա մտցրեց ինձ թատրոն, ծանոթացրեց օրենքներին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում իմ ուսուցիչներին` աշակերտներին: Ես գտնում եմ, որ մենք ավելի շատ վերցնում ենք քան տալիս, բայց ամեն մի նոր ուսանողի հետ գալիս է նոր աշխարհ: Ցանկացած ուսումնական պրոցես երկկողմանի է… »:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ