Սիրած էակի հետ ամուսնանալ եւ մեկ օրում դաշինք կնքել մի ողջ կյանքի համար՝ ամենապատասխանատու եւ հիշարժան իրադարձություններից մեկն է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աղջկա երազանքներից մեկը կյանքում մեկ անգամ ճերմակ զգեստ կրելն է:
Այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սպառվում մեկով. ոմանք նախընտրում են ավանդական ճոխ ու բազմամարդ հարսանիքը՝ շքեղ մեքենաներով, ռեստորանային համալիրով եւ իհարկե պսակի եկեղեցական օրհնությամբ: «Ինձ համար ամենակարեւորը Աստծո օրհնությունը ստանալն է: Մնացած ամեն բան երկրորդական է»,-ասում է 23-ամյա Ալինա Պետրոսյանը: Սակայն քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ զույգերը ընտանիք են կազմում, երեխաներ ունենում, բայց իրենց միությունը գրանցված չէ ոչ զագսում եւ ոչ էլ եկեղեցում են ստացել Աստծո օրհնությունը: «Ամուսնացել եմ 8տարի առաջ, ունեմ 2 փոքրիկ: Զագսավորված չենք եւ հարսանեկան արարողություն էլ չի եղել: Նշանադրության օրը ես տեղափոխվել եմ ամուսնուս հայրական տուն, որտեղ էլ ունեցել եմ փոքրիկներին»,-պատմում է Աստղիկ Սարգսյանը: Նա երբեւէ ուշադրություն չի դարձրել պսակադրությանը եւ միակ ցանկությունը սիրած էակի հետ, որքան հնարավոր է շուտ միավորվելն է. «Կարենին շատ սիրելով, ինձ չի հետաքրքրել, թե ինչպես կլինի մեր միավորումը: Եկեղեցով, թե առանց դրա. կարեւորը միասին լինեինք»,-ասում է նա:
Մայր աթող Սուրբ Էջմիածնի եկեղեցու սարկավագ Վարազդատ Քոչարյանը պարտադիր պայման է համարում պսակադրությունը: «Ամեն բան, ինչ կա երկիր վրա, պետք է օրհնվի եւ սրբագործվի: Պսակի խորհուրդը օրհնելն է հոգեւոր կարգով, որտեղ քահանան միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար»,- ասում է նա: «Աստվածաշունչն» ընդունում է միայն մեկ պսակադրություն, սակայն հայ առաքելական եկեղեցում գործում է 2-րդ կարգի պսակ, այսինքն` ո՞ր դեպքերում կարող է մարդ երկրորդ անգամ եկեղեցով ամուսնանալ. «Դրանցից մեկը մահն է, երբ կողմերից մեկն ու մեկը մահանում է: Երկրորդ դեպքում, երբ տղամարդը գնում է պանդխտության: Եթե 7տարի կինը որևէ լուր չի ունենում, այս դեպքում կինը կարող է կրկին եկեղեցով ամուսնանալ: Երրորդ դեպքը կողմերից մեկի հոգեկան շեղվածությունն է, որը կարող է վտանագավոր լինել եւ չորրորդը՝ շնանալը»,-ասում է Վարազդատ սարկավագը: Սարկավագը չի հերքում այն փաստը, որ եկեղեցու հնարավորությունները այնքան մեծ չեն, որպեսզի յուրաքանչյուր երկրորդ, երրորդ անգամ եկեղեցով ամուսնացողները գտնվում են հենց այս դեպքերից որեւէ մեկում, բայց հնարավորության սահմանում, մինչեւ պսակադրությունը փորձում են իմանալ հնարավոր ամեն բան:
Այնուամենայնիվ երիտասարդների կարծիքը թեմայի շուրջ տարբեր է. նրանց միավորող առանցքը սերն է. անկախ նրանից, կլինի հարսանեկան արարողություն, կստանա՞ն Աստծո օրհնությունը, թե ոչ, երիտասարդները գերապատվությունը տալիս են սիրուն:
Քրիստինա Միրզոյան