«Նուվել դ’Արմենի» ամսագրում տպագրված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցից հետո, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել էր, որ հոդվածի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, որում վերջինս հավաստիացրել էր, թե հարցազրույցում Ծառուկյանի մասին որեւէ խոսք չի հնչել: Նա ասել էր նաեւ, որ այդ առնչությամբ մանրամասները ճշտվում են: Այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հարցազրույցի հեղինակ Սեդա Մավյանն ասել է, որ տպագրված հարցազրույցն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը` հավելելով, որ ձայնագրությունը տրամադրելու կամ պարզաբանումների խնդրանքով որեւէ մեկը չի դիմել թերթի խմբագրություն:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս հայտարարությունից հետո իրենք ի ՞ նչ քայլեր են ձեռնարկելու: «Ես արդեն հաստատել եմ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին եւ նշել բովանդակությունը: Իսկ տվյալ հարցազրույցի հետ կապված այլ մանրամասները, խնդրում եմ ճշտել հարցազրույցի մյուս կողմերի հետ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ