Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի նախագահն կամ պայծառատես է, կամ շեղված»

Սեպտեմբեր 13,2012 21:43

Գյումրիում կիրակի  տեղի ունեցած  ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար,  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  թաղամասում` Արցախում,  գտնվող թիվ 34/28 ընտրատեղամասի հանձնաժողովի  նախագահ Ասյա Սարգսյանը հայտարարում էր, որ պատգամավորն իր թիմակիցների հետ, կանգնելով ընտրատեղամասի դիմաց,  հրահանգներ է տվել, ընտրողներին կոչ արել քվեարկել   քաղաքապետի 4-րդ համարի թեկնածուի օգտին: Իսկ 4-րդ համարը  դաշնակցական  Հովսեփ Սիմոնյանն էր, ով նույնպես Արցախ թաղամասից կամ ժողովրդական լեզվով ասած Թուրքի մայլից է:  Հանձնաժողովի նախագահն նաև դժգոհում էր, թե պատգամավորը իրեն դուրս է  կանչել մի քանի  անգամ, ինքը հրաժարվել է գնալ,այնուհետ այս ամենին վերջ է  դրել Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

Այս թեմայով Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց  Մարտուն Գրիգորյանի գրասենյակից, որին ի պատասխան պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանն  ասաց. «Էդ կնոջ մոտ կամ պայծառատեսություն կա, կամ ի ծնե այլ շեղում: Մենք չեն կարող հասկանալ, թե էդ դրվագը ինչպե՞ս կարող էր նրան դրդել նման եզրակացությունների: Բայց որպեսզի ես այդ կնոջ ասածի մեջ չխորանամ (այնտեղ անտրամաբանությունը շատ-շատ է), ես ասեմ, թե իրականում ինչ է  եղել: Կուսակցության կենտրոնական մարմնում ինչ-որ անհանգստություն է ծնվել ինչ-որ մեկի տեղեկատվության հիման վրա, որ Գյումրիի այդ տեղամասերում պրոբլեմներ կան: Թե կոնկրետ ի՞նչ պրոբլեմներ կան, մենք մտածել ենք, թե երևի ընտրողների ակտիվությունն է պակաս, և Մարտուն Գրիգորյանը իր թիմակիցների հետ գնացել է, և շրջագայություն եղել է ամբողջ թաղամասում` Ավզնոց, մանկապարտեզի հատվածը, կոմբինատ և այլն, բայց էդ դրվագը, որ էդ կինը իր զանազան մեկնությունների հիմք է դարձրել, եղել է թիվ 5 դպրոցի մոտ: Թիմակիցներից մեկը մտել է ներս ու խնդրել է, որ  պարոն Բալասանյանի վստահված անձը կամ որևէ հանձնաժողովական տեղեկություն  հայտնի,  թե ինչպիսի՞ն է ընտրողների ակտիվությունը, դրանից հետո էդ կինը դուրս չի եկել, բայց  ինքը հանդիպել է ԱԺ նախկին  պատգամավոր Ռոբերտ Զաքարյանի ու Երկաթուղու պետի տեղակալ Արմեն Թամիրյանի հետ: Ըստ  իր ու հանձնաժողովի մյուս անդամների` ոստիկանությանը տված  ցուցմունքների, նրանց մեջ  եղել է ծայրահեղ  քաղաքավարի ու ջերմագին զրույց: Ինքը դա չի հերքում, հիմա էդ կնոջ մոտ ի՞նչն է  հիմք տվել, որպեսզի ինքը հայտնի, թե իրեն խանգարում էին:  Իրեն ոստիկանությունում հարց են տվել` խանգարելու ո՞ ր ձևն է ընտրել Արմեն Թամիրյանը` ինքը չուներ այդ հարցերի պատասխանները: Եթե հետևել եք հեռուստատեսությանը իր տված հարցազրույցներին,  իր մոտ բավականչափ անհավասարակշիռ, լուրջ վիճակ է, ինքը բժշկի կարիք ունի,  իրեն ասում են պիտի դատի տան, ինքը պիտի քրեական պատասխանատվության  ենթարկվի, բայց ես կարծում եմ, որ իրենով պետք է զբաղվեն հոգեբույժները: Հետո իր մոտ նեգալոմանիայի դրսևորումներ կան, իրեն թվում է, թե ամենաբարձր ճշմարիտ  կարծիքը ինքը  կարող է հայտնել,  իր  ասածը բողոքարկելու տեղիք չպիտի տա: Մի խոսքով ես կարծում եմ, որ մենք էդ կնոջ մասին նրբանկատորեն պետք է խոսենք, որովհետև իր մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»:

Աղասի Աբրահամյանը  վստահեցնում է, որ ԱԺ պատգամավորի թիմը իրեն թույլ չի տվել աշխատել կուսակից ընկերոջ դեմ, հետևաբար և այդ կինը իրավունք  չուներ  առանց ապացույցների   հայտարարություններ անել  ու իրենց նման  վատ որակում տար:

Նշենք, որ այս միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում  Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում : Սակայն սրանից զատ, այս տիկնոջ  դեմ պատրաստվում է բողոք ներկայացնել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, քանի որ նա տվյալ թաղում ապրող  ավագանու թեկնածուներից մեկի` Վարդան Եդիգարյանի ձայները կեղծել էր . թեկնածուն այդ ընտրատեղամասում  հավաքել էր 103 ձայն, մինչդեռ  տիկինը  ընդամենը 3 ձայն էր արձանագրել: Բողոքարկումից ու վերահաշվարկից հետո պարզվել էր իրականությունը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Հ.Գ. Ինչո՞ւ ԲՀԿ-ական պատգամավորը իր թեկնածությունը չառաջադրեց Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, որքանո՞վ են իրական  շրջանառվող այն լուրերը,  թե  նա չի սատարել իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին, այս մասին ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930