Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը՝ «մաֆիայի պարագլուխ». Եվրախորհրդարանում Սաֆարովի գործի քննարկման մանրամասները

Սեպտեմբեր 13,2012 20:01

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քննարկվեց Ռամիլ Սաֆարովի գործը: Քննարկումն անցկացվում էր մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի վերաբերյալ քննարկման շրջանակներում: Տեղեկացնենք, որ խորհրդարանականների կողմից ներկայացված բանաձևը, որով դատապարտվում էր Սաֆարովի արտահանձնումն ու ներում շնորհելը, քվեարկության արդյունքում ընդունվեց: Բայց մինչ քվեարկությունը խորհրդարանականները հանդես եկան ելույթներով, որոնց մեծամասնությունը բավականին խիստ նոտաներ էին պարունակում:

Аravot.am-ը հետևեց քննարկման ընթացքին և պարզ դարձավ, որ բոլոր խորհրդարանականներն էլ դատապարտում էին Ադրբեջանի կողմից՝ Սաֆարովին ներում շնորհելու փաստը և հարցականի տակ դնում Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակներում պարտավորություների կատարումը:

Խորհրդարանականների մեծամասնությունը մտավախություն հայտնեց, որ Սաֆարովի դեպքը առանց այն էլ փխրուն իրավիճակում գտնվող տարածաշրջանի կայունությունը վտանգում է: Խորհրդարանականներից մեկը, անդրադառնալով Հունգարիայի պահվածքին, նշեց. «Մենք զարմացած ենք այն բանից, որ Հունգարիայի կառավարությունը բավականին անխոհեմ է գործել»:

Խորհրդարանական Գերոգի Շոփֆլին էլ նշեց, որ խնդիրն ունի իրավական և քաղաքական ուղղվածություն:  Նա նաև նկատեց, որ Սաֆարովի խնդիրը սրում է սառեցված հակամարտությունը:

Ուլրիխ Լունաչեքն էլ հայտարարեց. «Այս գործը վերաբերում է չլուծված հակամարտությանը, խաղաղ բանակցությունների վտանգմանը և կանխամտածված սպանությանն ու մարդասպանի հերոսացմանը»: Այնուհետև խորհրդարանականը հավելեց. «Հունգարիայի վարչապետը պիտի լսեր նաև ԱԳ նախարարին, ով զգուշացնում էր Սաֆարովի արտահանձնման հետևանքների մասին»:

Յարոսլավ Պաշկայի ելույթն էլ էր աչքի ընկնում սուր քննադատությամբ: Նա մասնավորապես ասաց. «Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, եթե որոշի մի հայ սպանել, հերոս կդառնա: Ալիևը այսպիսով գործեց որպես մաֆիայի պարագլուխ»:

Խորհրդարանական Վասիլի Անդրոուլան էլ ասաց. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել: Մենք պիտի մեր ձայնը բարձրացնենք, որ բարելավենք իրավիճակը: Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ նա Ադրբեջանի իշխանության հավաստիացումներն է ստացել, որ տվյալ անձնավորությունն իր պատիժը կրելու է Ադրբեջանում: Բայց դա տեղի չի ունեցել: Ուստի մենք պետք է օգնենք և նպաստենք, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները»:

Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930