Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը պատրաստ է օգնել առողջապահության եւ բնապահպանության նախարարներին` հաղթահարել «կոմպլեքսները»

Սեպտեմբեր 13,2012 19:30

Արդյո՞ք կա վիճակագրություն, թե հանքերի շահագործման արդյունքում ի՞նչ հիվանդություններ են առաջանում տվյալ բնակավայրերում, ի՞նչ հետեւողականությամբ են դրանք զարգանում եւ համեմատած մյուս գոտիների հետ այդ հիվանդությունները ի՞նչ տոկոսային տարբերություն են տալիս: Այս հարցը երեկ ՀՀ առողջապահության նախարարին էր ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Առողջապահության նախարարն ասաց՝ թեպետ ինքը նորանշանակ նախարար է, բայց տիրապետում է վիճակագրական տվյալներին: Չնայած, կոնկրետ թվեր չհրապարակեց:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ նախարարի պատասխանից տպավորություն է ստացել, որ նման վիճակագրություն ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, ըստ տիկին Սարգսյանի, ոչ ոք չի էլ փորձել անգամ զբաղվել այդ խնդիրներով, որովհետեւ դրանք տվյալ գերատեսչությունների եւ նախարարությունների համար, միեւնույն է, լուծելի չեն:  «Հանքարդյունաբերության ոլորտը մոնոպոլիզացված է եւ գտնվում է ուղիղ իշխանության վերնախավի ձեռքին: Ոչ ոք որեւէ նախարարի թույլ չի տա ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Քանի որ նախարարներն էլ լիագույն կախվածության մեջ են իշխանություններից ոչ թե իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելու, այլ նշանակվել-հրաժարվելու մասով, որեւէ կերպ չեն փորձում ընդդիմանալ վարչապետին: Բնականաբար, ի վիճակի էլ չեն խնդիրներ լուծել»,- ասաց տիկին Սարգսյանը:

Տիկին Սարգսյանին հետաքրքրում էր նաեւ` արդյո՞ք առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները համատեղ ջանքերով չեն կարողանում հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Հարցին հստակ պատասխան չհնչեց: Մինչդեռ, մեր զրուցակիցը կարծում է, որ ազգային իշխանությունը միայն կօգտագործեր բնապահպանական շարժումների կատարած աշխատանքը, նրանց ներկայացրած փաստերը, որոնք, ըստ էության պետական գերատեսչությունների կողմից պետք է արվեր:  «Ոչ ոք չի փորձում հանքերի շահագործման տարածքներում անգամ պարտադիր բժշկական ապահովագրության մասին մտածել: Պետությունը պետք է գոնե բարոյականություն ունենա եւ այդ մարդկանց պարտադիր բժշկական ապահովագրությունն իր վրա վերցնի»,- ասում է տիկին Սարգսյանը: Եթե նշյալ նախարարները «կոմպլեքս» ունեն բնապահպանների հետ առնչվելու, տիկին Սարգսյանը պատրաստ է կապող օղակ հանդիսանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930