Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանն ընդունեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող բանաձևը

Սեպտեմբեր 13,2012 19:07

Եվրախորհրդարանի լիագումար նիստում րոպեներ առաջ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի գործով քննարկում: Այն անցկացվում էր մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի վերաբերյալ քննարկման շրջանակներում:

Քննարկումից հետո քվեարկության դրվեց Եվրախորհրդարանի բանաձևը՝ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներման արժանացնելու մասին:  Մինչ բանաձևը քվեարկության դնելը խորհրդարանականները հանդես եկան կարճ ելույթներով, որոնց մեծամասնությունը պարունակում էր կոշտ դիրքորոշումներ: Նրանք անգամ այնքան վրդովված էին, որ նրանցից մեկը Իլհամ Ալիևին անվանեց մաֆիայի պարագլուխ:

Քննարկումից հետո բանաձևը դրվեց քվեարկության, եւ ընդունվեց: Բանաձևը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Բանաձեւում, մասնավորապես, դատապարտվում է Իլհամ Ալիեւի որոշումը՝ հանցագործին ներում շնորհելու վերաբերյալ, նշելով, որ այդ քայլը կարող է է՛լ ավելի թեժացնել հայ – ադրբեջանական լարվածությունը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա անդունդը։ «Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց արտահանձման մասին միջազգային կոնվենցիայի ոգուն», – գրված է բանաձեւի մեջ:

Անդրադարձ կա նաեւ այն բանին, որ Ալիեւի կողմից Սաֆարովին ներում շնորհելը իրականացվել է  Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքների խախտմամբ։ Բանաձեւում դատապարտվում է նաեւ մարդասպանի հերոսացումը, նրան մայորի կոչում եւ 8 տարվա աշխատավարձ տալը: «Այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանը տանող գործընթացները եւ կարող է խափանել նաեւ ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները»,-գրված է  բանաձեւում։

Քիչ անց կներկայացնենք նաև խորհրդարանականների ելույթներում հնչած առանցքային դիրքորոշումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930