Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով պաշտպանները պահանջում են հավասարություն՝ դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 17:58

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Վահե Ավետյանի սպանության գործով մտել էր խորհրդակցական սենյակ՝ քննության առնելու ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավորը մերժեց բացարկը:

Դատավորի այդ որոշումը չկարողացան հրապարակման պահին լսել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, քանի որ դատական կարգադրիչները եւ անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինները թույլ չէին տվել նրանց մտնել նիստերի դահլիճ: Դատավորը տեղեկացնելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները հրաժարվել են զննության ենթարկվել, այնուամենայնիվ`կարգադրեց դատական կարգադրիչներին առանց զննումի ներս հրավիրել իրավահաջորդներին:

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, այսօր ներգրավված փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ դատարանի վարչական շենքում առանց զննության մուտք էին գործել ոստիկանները, իսկ իրենց թույլ չէին տվել մուտք գործել՝ նույն հավասարության սկզբունքով: Իրենք պահանջել էին չզննել եւ, ի վերջո, դատարանի որոշմամբ, այդպես էլ եղել էր: Դատավորը ակնարկեց, թե անվտանգության միջոցառումներից ելնելով են զննում բոլորին, մինչդեռ Վ. Գրիգորյանը պահանջում է, որ հավասարության սկզբունքը տարածվի դատավարության բոլոր մասնակիցների վրա:

Դատավորը հայտնեց, որ  ներգրավվել են փաստաբաններ Մարիամ Թովմասյանը, Սերգեյ Մկրտչյանը, Արման Խաչատրյանը, Հովհաննես Բաղդասարյանը եւ Երեմ Սարգսյանը:

Ամբաստանյալներից միայն Արման Խաչատրյանը պաշտպան չուներ: Հավանաբար դա էր պատճառը, որ 14.30-ից սկսված դատական նիստում, երբ դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, Արման Խաչատրյանը անտեսվեց: Դատավորը 17.15-ին միայն ճշտեց, որ դատարանում կա ամբաստանյալ, որը պաշտպան չունի: Դատավորի հարցին, թե ինչու պաշտպան չունի, նա պատասխանեց, որ չի ուզում: Ի վերջո բացատրվեց նրա իրավունքները եւ քանի որ մյուս ամբաստանյալների գործողություններում կային էական հակասություններ, դիմեցին ամբաստանյալին՝ պաշտպան ունենալու համաձայնությունը ստանալու համար: Ամբաստանյալն ասաց, որ կդիմի հարազատներին այդ կապակցությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին: Դա նշանակում է, որ եթե անգամ ներգրավվի նոր պաշտպան, ապա նոր պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու համար, դիտորդների կարծիքով, կպահանջի առնվազն մեկ ամիս ժամանակ՝ գործի նյուկթերին ծանոթանալու համար:

Դատական նիստերի դահլիճում դատաքննությանը հետեւում էին հիմնականում կանգնած, քանի որ ոստիկաններն ու դատական կարգադրիչները փակել էին ողջ տեսադաշը եւ միայն փորձվածները կարող են ձայնից գուշակել, թե ով ինչ  հայտարարություն կամ միջնորդություն արեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930