Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ, եւ դիտարկում այդ քայլը որպես վարքագիծ, որը կարող է է՛լ ավելի թեժացնել հայ – ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Դա է փաստում Եվրոպական խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները։
Նախագծում եվրոպացի պատգամավորները փաստում են, որ Սաֆարովը տարիներ առաջ ընդունել է մեղքը, սակայն չի զղջացել՝ արդարացնելով իր քայլը միայն այն հանգամանքով, որ զոհը հայ էր, եւ ներում է ստացել անմիջապես Ադրբեջան փոխանցվելուն պես։
«Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց էքստրադիցիայի մասին միջազգային կոնվենցիայի տառին ու ոգուն», – նշում է բանաձեւը եւ պնդում, որ նրան շնորհված նախագահական ներումը խախտել է Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները։
Դատապարտելով մարդասպանի հերոսացումը, նրան մայորի կոչում տալու, 8 տարվա աշխատավարձ վճարելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը, Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ սա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար։
Կարդացեք նաև
«Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները եւ կարող է սասանել նաեւ ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները», – փաստում է բանաձեւի նախագիծը։
Փաստաթղթում եվրոպացի օրենսդիրները նաեւ նշում են, որ Ադրբեջանում արդարացի հիասթափություն կա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության շուրջ, միեւնույն ժամանակ` ընդգծում, որ դա չի արդարացնում ո՛չ վրեժխնդրության քայլերը, ո՛չ էլ հետագա սադրանքները։
Ընդգծելով օրենքի իշխանությունն ու ստանձնած պարտավորությունները կատարելու կարեւորությունը՝ Եվրախորհրդարանը, միաժամանակ, նշում է, որ Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները պետք է ներառեն նաեւ մարդու իրավունքները եւ օրենքի գերիշխանությունը պաշտպանող դրույթներ։
Փաստաթղթի վերջում եվրոպացի օրենսդիրները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Եվրամիության անդամ երկրների շարունակական ջանքերին, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունը եւ երաշխավորել, որ տարածաշրջանում առաջընթաց կատարվի դեպի խաղաղություն։
Ակնկալվում է, որ նախագծի շուրջ քննարկումները խորհրդարանում կսկսվեն մի քանի ժամից, ներկայացված են մոտ մեկ տասնյակից ավելի լրացումներ, որոնք, օրինակ, կոչ են անում Հունգարիայի իշխանություններին պաշտոնական եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել ադրբեջանցի գործընկերների նկատմամբ, որպեսզի վերջիններս լիովին կատարեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Լրացումների շարքում կոչ կա նաեւ՝ ուղղված Եվրամիության ղեկավարությանը, որը հորդորում է պաշտոնական Բրյուսելին մեծացնել դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում։
Հեղինե Բունիաթյան
«Ազատություն» ռադիոկայան