Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին և հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
Կարդացեք նաև
«Վստահ եմ, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարևոր խնդիր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալելում ենք արդյունավետ և բեղմնավոր աշխատանք»,-նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինի կարճ ժամանակում լուծել և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն