Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Արցախի նկարիչների ցուցահանդեսը: Տասը տարվա մեջ այն անցկացվում է երրորդ անգամ:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով, թեեւ այս տարի իրենք շատ ցուցահանդեսներ են անցկացրել, միեւնույն է` սա ուրիշ նշանակություն ունի. «Հուսով եմ, որ այս նկարիչները Արցախում կունենան իրենց տեղը»:
Իսկ Արցախի նկարիչների միության նախագահը` Լենոռ Զաքարյանը, պարգեւատրվեց ՀՀ. մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Ցուցահանդեսին ներկայացված էին 19 նկարիչների մոտ 100 ստեղծագործություններ: Նրանցից մեկն էլ Աշոտ Առաքելյանն էր: Նա եկել էր Չեխիայից՝ իր հետ բերելով 12 աշխատանք. «Ես Արցախից եմ, սակայն դպրոցական հասակից մինչեւ կյանքիս առաջին կեսը ապրել եմ Երեւանում, իսկ հետո տեղափոխվել եմ Չեխիա: Այժմ այնտեղ եմ բնակվում, նրանց Նկարիչների միության անդամ եմ: Ամեն տարի 2-3 ցուցահանդես եմ ունենում, իսկ տարին մեկ անգամ էլ գալիս եմ Հայաստան: Ես նաեւ Արցախի նկարիչների միության անդամ եմ: Այսօր լավ առիթ է ստեղծվել, որպեսզի ես էլ ներկայացնեմ իմ նկարները»:
Նկարչին երբեմն հարցնում են, թե ինչ թեմատիկա ունեն իր նկարները: Դժվարանում է ստույգ ասել. «Մոդեռն ռեալիզմ կամ այնպիսի մի ուղղություն, որի հիմքը ես եմ դրել: Երբ նկարիչը իր տեսածը տալիս է կտավին` ձեռքն է տանում- բերում: Վրձինով շատ քիչ եմ նկարում, նախապատվությունը ավելի շատ երկաթին եմ տալիս»:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ