Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երը գետերը ցամաքեցնում են եւ անապատացում է սկսվում.ահազանգում են բնապահպանները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 17:23

 Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայ-նորվեգական ծրագրով նախատեսված է կառուցել 70 ՀԷԿ-եր, ըստ բնապահպանների, սա նշանակում է Հայաստանի այն հատվածներում, որտեղ կառուցվելու են այդ ՀԷԿ-երը, ամբողջ էկոհամակարգը վնասվելու է, անապատացում է սկսվելու:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն այսօր «Արմատ» ակումբում ասաց, որ ճիշտ է, փոքր ՀԷԿ-երը լուրջ ներդրում կարող են ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում, բայց մյուս կողմից էլ լուրջ վտանգ են ներկայացնում էկոհամակարգի համար: Ըստ պարոն Գալստյանի, որպեսզի այդ բալանսը պահպանվի, անհրաժեշտ են որոշակի նորմատիվներ պահպանել, որոնք Հայաստանում չեն պահպանվում` ոչ արդեն կառուցված ՀԷԿ-երի, ոչ էլ նոր նախագծվողների համար:

Պարոն Գալստյանը լրագրողներին ներկայացրեց հայ-նորվեգական հանձնաժողովի`փոքր ՀԷԿ-երին վերաբերող նախնական առաջարկություններում առկա բացթողումները. «Առաջին խնդիրը, որը էկոլոգիական թողքի կամ իրենց ասած` սանիտարական թողքի գաղափարն է, որը հաշվառվում է այնպիսի սխեմայով, որը կհանգեցնի նրան, որ գետում ընդհանրապես ջուր չի մնա եւ այս պարագայում կենդանական աշխարհի գոյության մասին խոսք լինել չի կարող: Շրջակա ամբողջ տարածքը չորանում է, որովհետեւ գետն անցնում է խողովակաշարի միջոցով: Մեր ուսումնասիրած բոլոր փոքր ՀԷԿ-երի նախագծերում ձկնուղիներ կան, բայց գնացել ենք տեղում տեսել, ոչ մի ձկնուղի չի աշխատել: Օրինակ` Չիչխանինը եւ Խաչաղբյուր 1-ի ՀԷԿ-ինը…ջրի թողքն այնքան փոքր է, որ կենդանական աշխարհ չկա: Երբ գնում ենք ՀԷԿ-երը ուսումնասիրելու չի երեւում, թե որքան ջուր պետք է գնա խողովակի մեջ, եւ որքան ջուր` գետը: Չկա ոչ մի չափիչ սարք, որը ֆիքսի, դա թողնված է մարդու կամայականության վրա: Վերջին 3 տարում ոչ մի պետական մարմին ստուգումներ չի իրականացրել: ՀԷԿ-երի կառուցման ընթացքում բացակայում է ռելիեֆի վրա ազդեցության գաղափարը: Եթե խողովակաշար է տեղադրվում, դրա համար պետք է ճանապարհ անցկացվի, պետք է լանջերը հարթեն, դրանք հաճախ անտառապատ են, հաճախ սողանքավտանգ են: Բազմաթիվ դեպքեր կան, երբ կառուցումից հետո լանջն ամբողջովին վերածվել է սողանքի եւ լցվել է գետը` անտառի հետ միասին»: Ներկայումս Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի վրա նախատեսվում է կառուցել Խաչաղբյուր 2 ՀԷԿ-ը, որի աշխատելու դեպքում լինելու է նույն իրավիճակը:

Ասուլիսին ներկա էին նաեւ Գետահովիտ եւ Ենոքավան գյուղի բնակիչները. Հենց այս համայնքով է անցնում Խաչաղբյուր գետը, որի վրա գործում է արդեն մեկ ՀԷԿ, եւ 2-րդն էլ` Խաչաղբյուր 2-ը, պետք է կառուցվի: Բնակիչներն արդեն արձանագրում են, որ իրենց համայնքում առաջին ՀԷԿ-ի շահագործումից լուրջ էկոլոգիական վնասներ են առաջացել`գետի մոտ 1800 մետր հատվածը ցամաքել է, իսկ եզակի ձկնատեսակները անհետանում են, տարածքում սողանքներ են սկսվել:

Ինչպես գյուղացիները վստահեցրին, ՀԷԿ-ի կառուցման համար բնակիչների կարծիքն անգամ չեն լսել: Գյուղացիները վստահեցրին, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ կանգնեցնել ՀԷԿ-ի կառուցումը:

Ասուլիսին ներկա «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանի խոսքերով էլ` «Հայ-նորվեգական աշխատախմբից թվեր ենք ստացել եւ պարզել, որ Հայաստանում ադեն իսկ կառուցվել է մոտ 140 փոքր ՀԷԿ, իսկ այդ 70-ն էլ ընթացքի մեջ են: Մենք ընդհանրապես չունենք գնահատում` թե ի՞նչ է կատարվում կամ կատարվել այդ գետերում ու տարածքի էկոհամակարգում, որտեղ ՀԷԿ-եր են կառուցված: Գետիք գետի վրա 2 ՀԷԿ -է կառուցված, մեկը` սկզբնական փուլում, 6 հատ էլ պետք է կառուցվի, ամեն մեկը 500-600 մետր հեռավորությամբ: Այսինքն կունենանք գետ, որի 12 կմ-ը մտած կլինի խողովակի մեջ: Իսկ այնտեղ կա Դիլիջան ազգային պարկի շարունակությունը, կան համայնքներ, որ օգտվում են ջրից: Մենք կունենանք այնտեղ անապատ…Ամբողջությամբ կարող ենք կորցնել գետերը, եւ ոչ մի օրենք չկա, որ այդ իրավիճակը կանգնեցնի»:

Տիկին Զառաֆյանը կոչ արեց, նախ կանգնեցնել ՀԷԿ-երի կառուցումը, որպեսզի ուսումնասիրվեն եղածները եւ հասկանան ու գնահատեն վտանգները: Ըստ հ/կ նախագահի, այդ ՀԷԿ-երը կառուցվում են անօրինական ճանապարհով, քանի որ ընկերությունը, որը ձեռք է բերել ՀԷԿ կառուցելու փաստաթղթերը, համարվում է ուժը կորցրած:

Կառուցվող ՀԷԿ-երի անօրինականությունների մասին` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930