Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանում է Ադրբեջանի Նախագահի` «Իլհամ Ալիև. Սաֆարովի ներումը ոչ թե տարածաշրջանի, այլ Հայաստանի Նախագահի պրոբլեմն է» հայտարարությունը, որը հրապարակվել էր «ИА REGNUM»-ում 2012 թվականի սեպտեմբերի 12-ին:
Նախագահ Ալիևը, փորձելով արդարացնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում քնած գործընկերոջն սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարակության դատապարտված Ադրբեջանի քաղաքացուն ներում շնորհելու և արդարացնելու մասին իր կարգադրությունը, կեղծագործության է ենթարկում 2001 թվականին Վարուժան Կարապետյանի ներման իրավական փաստը: Վարուժան Կարապետյանը, լինելով այլ պետության քաղաքացի, 17 տարվա բանտարկությունից հետո Ֆրանսիայում (և ոչ Հայաստանում, ինչպես պնդում է Ալիևը) ֆրանսիական դատարանի օրինապատշաճ իրավաբանական ակտի հիման վրա (և ոչ Հայաստանի Նախագահի որոշմամբ, ինչպես պնդում է Ալիևը) ազատվել էր պատժի հետագա կրումից: Այսպիսով` Կարապետյանը ոչ թե հանձնվել էր Հայաստանին, այլ ազատ արձակվելով` մեկնել Հայաստան:
Սակայն պրոբլեմի էությունն այն է, որ Ալիևը և նրա ընտանիքը իրենցով, իրենց բռնակալական վարքով հանդես են գալիս որպես Ադրբեջանի Սահմանադրություն և օրենքներ: Մարդասպանի հակաիրավական ներումն ու արդարացումը Ալիևի վարչակարգի կողմից մարդու անհատական ու կոլեկտիվ իրավունքների, պետության ղեկավարման ու կառավարման ժողովրդավարական սկզբունքների և նորմերի նկատմամբ հակաժողովրդավարական քամահրանքի հատկանշական դրսևորումներ են: Ալիևը, հասարակությանը պահելով ընտանիքի համատարած վերահսկողության տակ և ճնշելով քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ցանկացած դրսևորում, իր սուլթանական վճիռներով նենգափոխում է ոչ միայն օրենքը, այլև արդարադատությունը: Ընտանեկան իշխանության հակաժողովրդավարականությունը էլ ավելի է խորանում խորհրդարանում ընդդիմության չներկայացվածության հետևանքով:
Կարդացեք նաև
Իմ ադրբեջանցի գործընկերների հետ վստահական շփումներում ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ քիչ թիվ չեն կազմում ադրբեջանական ժողովրդի կիրթ, արժանավոր, ժողովրդավարորեն կողմնորոշված զավակները, որոնք հարցականի տակ են դնում ոչ միայն ցեղասպանական ոճրագործի` «կացնով մարդասպան» Սաֆարովի ներման, այլև ընդհանուր առմամբ Ալիևի ընտանիքի հակաժողովրդավարական, կոռումպացված քաղաքականության օրինականությունը: Ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի համար քնած մարդու զազրելի սպանության հերոսացման հետ կապված այս խայտառակ փաստը Ալիևների ընտանիքի ժառանգական, ամբողջատիրական իշխանությանը բնորոշ քաղաքական կոռուպցիայի և իր դրսևորումներում անհեթեթության հասած նրա պաշտամունքի արտահայտությունն է: Հաշվի առնելով ինչպես ադրբեջանական ժողովրդավարական շրջաններում, այնպես էլ միջազգային հանրության կողմից Ալիևի հակաժողովրդավարության պարսավանքը, որը շեշտվածություն ձեռք բերեց` պայմանավորված բռնակալի քմահաճույքով դահճի արդարացմամբ, հիմք ունենք համարելու, որ Նախագահ Ալիևը պրոբլեմ է դառնում ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության և անվտանգության համար: