Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդներ. «Ուզում եք Գյումրին լրիվ տղամարդազուրկ անե՞լ»

Սեպտեմբեր 13,2012 17:06

 

Այսօր գյումրեցի անհատական տաքսու վարորդները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում` ի վնաս իրենց, կատարված փոփոխությունների դեմ: Օրենքի 137.2 հոդվածը վերաբերում է ուղևորափոխադրումներ իրականացնողներին , և չլիցենզավորվելու, դեղին պետհամարանիշ չունենալու դեպքում հսկա տուգանքներ է նախատեսում:

Ի դեպ, լեցենզավորման առնչությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում. եթե նախկինում պարտադրվում էր լիցենզավորվել եռամսյակային կտրվածքով` 16800 դրամ վճարելով, ապա այժմ կարող են լիցենզավորվել ամսական կտրվածքով` վճարելով 5600 դրամ: Ըստ վարորդների, այդ փոփոխությունը էական դեր չի կատարում, որովհետև վերջին հաշվով համարյա նույն գումարն է գալիս: Բողոքավորների հաշվարկներով, միայն հարկ ու տուրքերը իրենց վրա տարեկան նստում է 190-200 հազար դրամ, չհաշված օրենքով նախատեսված այլ գումարները:

Վարորդները դարձյալ ոտքի էին կանգնել այն պատճառով, որ պետավտոտեսչության աշխատակիցները տրանսպորտի տեսուչների հետ միասին երեկվանից սկսել են շրջել փողոցներով, կանգնեցնել իրենց ու տուգանել 20 -հազարական դրամով: Վարորդների փոխանցմամբ, 5-6 հոգու արդեն տուգանել են:

Նրանք սկզբում բողոքի ակցիա կազմակերպեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, այնուհետ շարժվեցին Շիրակի մարզպետարան, որտեղ, ի դեպ, պատահական զուգադիպությամբ այդ ժամին պատվիրակության էին սպասում Լեհաստանից:

Վարորդները , շրջափակելով փողոցը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին ու մարզպետի երկու տեղակալներին բացատրում էին իրենց խնդիրը. «Գյումրիում էս մի քանի տղամարդն եք մնացել, մե՞զ էլ եք ուզում խոպան ուղարկել: Վերջը ի՞նչ է ուզածներդ: Ասում եք տաքսի սերվիզները բոլոր լիցենզիաները ունեն, դուք երաշխիք ունե՞ք, որ տաքսի սերվիզի շոֆեռը ձեզ անվտանգ տեղ կհասցնի, ավելի պրոֆեսիոնալ է , քան` մենք: Ո՞ր մի սերվիզի շոֆեռն է մեր չափ շոֆեռ: Թող լյուբոյ շոֆեռ մեզ հետ փորձի մրցի: Էդ տաքսի սերվիզներն էլ դեպուտատները չե՞ն հիմնել, հիմի իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար, սաղ կուժ ու կուլեն մեր գլխի՞ն են ջարդում: Մեր հետ քյալլա տալ պետք չէ: 40 տարուց ավել շոֆեռություն եմ անում, հմի եղավ, որ շոֆեռ չե՞մ, տերը թաղեմ: Օրական 500 դրամ աշխատողը ի՞նչ ձևի էդ հարկերը մուծի, թողեք երեխա պահենք, էլի: Դուք ավելի լավ է մտածեք Պալիգոնի վրայի խաչմերուկի սվետաֆոռի մասին, սվետաֆոռի տեղը տոնածառի լամպուշկա են դրել, որպեսզի անցնիս, միլիցեքը կանգնեցնեն ու փող աշխատեն»:

Վարորդներից մեկն էլ զայրացած մեզ բողոքեց, որ ամսական կտրվածքով իրենցից 15 հազար դրամ գումար են պահանջում, որը, սակայն, ծախսերի արդյունքում դառնում է 30 հազար դրամ: «Մնացել ենք 30 տոկոս հայ: Ժամը 4-ից հետո, երբ գյուղերի ժողովրդին «գազելները» տանում-հասցնում են իրենց տները, մեր Լեննագանը փակվում է , էլ մարդ չկա, ո՞ւմ տեղափոխեմ, ո՞ւմ տանիմ: Մեր քաղաքը մարած քաղաք է , սա Երևան չէ, ինչքա՞ն կրկնենք նույն բանը: Եթե մի գրքի արժեքը կազմում է 3 հազար դրամ, երկու հատ դպրոցական երեխա ունեմ, տետրակները թանկացրել են, ամեն ինչը թանկացրել են էս երկրում, ժամ առ ժամ ամեն մի սննդամթերքը թանկացնում են: Մարդիկ էլ էս քաղաքից գնում ու հա գնում են, էլ ինձ եկամուտ որտեղի՞ց, ես էլ գողության ի վիճակի չեմ, դե հմի ասա` ի՞նչ անեմ, որը հասցնեմ: Ես մի բան եմ խնդրում` թողնեն իմ քրտինքով իմ էրեխեքիս պահեմ, տեսեք չեմ ասում անգամ աշխատատեղ ստեղծեք, ուղղակի չեմ ուզում էրեխեքիս առնեմ, ես էլ գաղթեմ, մեղք ենք: Հլը մի հատ նայի վարորդների դեմքերին, աչքները խամրած, մարդկանց բերանները ատամ չկան, ի՞նչ է ուզածները, չհաշված փողոցները, վայ էս փողոցները գլխներիդ բլի, էս ի՞նչ եք անում»:

Վարորդները դեռ մի քանի ամիս առաջ դիմում –բողոք էին ներկայացրել կառավարությանը, սակայն, նրանց բողոքելով, տեր լինող չկա: Վարորդներին հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով այսօր պաշտոնական պատվիրակության էր սպասում Լեհաստանից, ուստիև նրանց հորդորեց մեկ այլ օր գալ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930