Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հանրաքվե անել

Սեպտեմբեր 13,2012 16:01

 «Նստած գովում եք այդ օրինագիծը, բայց դուք տեսե՞լ եք Էստոնիայում ինչ է կատարվում, Ռուսաստանը գիտե՞ք ինչու հրաժարվեց դրանից»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Նա պատասխանեց. «Էստոնիայում եւ Ռուսաստանում չեմ եղել այս հարցի ուսումնասիրության համար, բայց իրենց փորձը, ինչքան հնարավոր է՝  ուսումնասիրել եմ»:

Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշեց, որ «Աղքատ երկրում սխալ մոտեցում է միանգամից ներդնել պարտադիր կուտակային համակարգ: Էստոնիան բարձր է Հայաստանից 5 անգամ: Էստոնիան եք օրինակ բերում: Ո՞նց եք փոխհատուցելու կորցված հնարավորությունները, ինֆլյացիան: Հո փոխհատուցելը այն չի՞, որ այս բաժակը ստեղ է, դնեք այնտեղ: Այդ ճանապարհին մարդը կարող էր լավ հնարավորություններ ունենար այդ գումարն օգտագործելու»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ փողերն աշխատելու են մեր պետության համար: Ինձ երաշխիքներ են պետք: Թվեր ասեք, երաշխավորեք ոչ թե 23 տարի հետոյի համար, այլ 5 տարվա համար: Ասում եք երաշխիքային հիմնադրամ, գնաճը փոխհատուցելու եք: Ինձ չի հետաքրքրում: Գնաճը ասենք թե հաշվի առաք, ինձ հետաքրքրում է վաղը մեր ՀՀ քաղաքացին կստանա՞ արժանապատիվ կենսաթոշակ, երաշխավորեք դա: Ասացվածքներ կան՝ գելի գլխին Ավետարան կարդացին…սրանով դատելու են ձեր զավակները, ձեր թոռները, այսօրվա ֆինանսիստները գնալու են: Այսպիսի անպատասխանատվություն երկրի, ժողովրդի առաջ քաղաքական մեծամասությունն իրավունք չունի ունենալ: Չգիտեմ, քվեարկելու եք՝ քվեարկեք, բայց կա իշխանության հանդեպ վստահության հարց»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Որեւէ երաշխիք չկա, որ կենսաթոշակառուն կստանա առնվազն 42 տոկոս՝ իր այդ տարիների կուտակած կենսաթոշակից, գործատուները չեն ուզենալու նոր աշխատատեղ ստեղծել: Օրենք կար, որ կուտակային համակարգ կարելի է ներդնել միայն որոշ պայմաններում՝ պետբյուջեի պակասորդը չպետք է  գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը: Պետք է գրանցված լինի անընդհատ տնտեսական աճ, նախորդ տարվա համեմատ ոչ պակաս, քան ՀՆԱ աճ 2 տոկոս: Համակարգը երբ ներդրվեց՝ այս պայմաններից որեւէ մեկը չէր պահպանվել, որովհետեւ այս պայմաններն ամրագրող օրենքն ուժը կորցրած ճանաչեցին քաղաքական մեծամասությունը: Հիմա այս անպատասխանատու վերաբերմունքը շարունակվում է: Պետք է ներդնել պայմանական կուտակային համակարգ, որը լուծում է անարդարացի փոխհատուցման խնդիրը, այս առաջարկած մոդելը չի բերելու ֆինանսական շուկաների ռիսկի: Ամենազարգացած կուտակային համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Արգենտինան, դուրս եկավ համակարգից, որովհետեւ բոլոր ֆոնդերը ենթարկվեցին լուրջ ռիսկերի: Արգենտինան հասկացավ, որ պարտադիր կուտակային համակարգը տանելու է երկիրը սնանկացման, որովհետեւ անընդհատ մեծացող ձնագնդիկի դիմացը ոչ ոք հետո չէր կարողանալու առնել: Մի այստեղ կեղծ տեղեկություններ տվեք, թե գումարները ներդրվելու են Հայաստանում: Մեծ մասն ուղղվելու է եվրոպական շուկաներ, պարտատոմսեր են ձեռք բերվելու: Հարկատուների փողերով ուզում եք նույն իրենց փողերը երաշխավորե՞ք: Այդ հարցը դրեք հանրաքվեի, դրեք, թող ժողովուրդը որոշի: Այստեղ նստածներից ոչ մեկը չի օգտվելու այդ համակարգից, մեր զավակներն են տուժելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930