«Dasaran.am ծրագիրը ունի 2 նպատակ՝ առաջինն էլեկտրոնային մատյանի գաղափարն է, 2-րդը առաջին հայկական կրթական սոցիալական ցանցի գաղափարը» ,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարձր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի դպրոցներում. Խնդիրներ, լուծումներ» թեմայի շուրջ խոսեց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Նրա խոսքով՝ 352 դպրոց, 160000 աշակերտ այսօր անվճար հիմքերով օգտվում է կայքից.
«Յուրաքանչյուր ծնող, երեխա, ուսուցիչ, տնօրեն, բոլոր շահագրգիռ կողմերը կարողանում են մի համակարգի մեջ միասին աշխատել: Ծրագրում հստակ երևում է երեխայի ապագա, սպասվող ամփոփիչ գնահատականը: Կայքից այսօր օգտվում է 25000-30000 այցելու»:
«Ուսումնասիրությունների արդյունքում երեխաները ընդգրկված են սոցիալական կայքերում, որոնք չեն պարունակում որևիցե կրթական տարր, հիմնականում չկա նման բան, չեմ բարձրաձայնի կայքերի անունները, սակայն ի տարբերություն այդ կայքերի, dasaran.am-ը ներդրեց սոցիալական ցանց, որի միակ ուղղվածությունը կրթությունն է, որը ինտելեկտուալ խաղերի, դասագրքերի, հիման վրա ամրապնդում է երեխայի գիտելիքները»,- հավելեց ծրագրի հիմնադիրը:
Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանի խոսքով համակարգը բավականին ճկուն է, շահագրգիռ են և ծնողները և երեխաները.
«Ուսումնական խմբում գտնվող երեխաները տարբեր ժամանակահատվածում տարբեր կերպ են գիտելիքը յուրացնում, իսկ կայքի շնորհիվ ծնողը հետևում է իր երեխայի առաջադիմությանը: Կայքը և դպրոցները համագործակցում են ակտիվ կերպով, իսկ այդ կապը շատ կարևոր է»:
Dasaran.am ծրագրի առաքելությունն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, իսկ նպատակները՝ ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ