Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ կուտակային կենսաթոշակի օրինագծի մասին. «Սա կաշխատի,՞ թե՞ չէ, ձեր պատասխանը սա է՝ 23 տարի հետո կերեւա»

Սեպտեմբեր 13,2012 14:08

Կուտակային կենսաթոշակի օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, այսօր ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Կոնկրետ որոշե՞լ եք, այդ փողերը որ հավաքեք, ի՞նչ եք անելու: Խոսքը մի քանի հարյուր մլրդ դրամի մասին է»: Վարդան Արամյանը պատասխանեց. «Ակտիվների կառավարիչն է որոշելու ուր է դնելու, մենք պետք է դիվերսիֆիկացիա ապահովենք, որ ռիսկայնությունը քիչ լինի: Սխալ մոտեցում է, որ մենք ասենք, թե դրանք որտեղ ենք դնելու, եթե ներխուժենք ակտիվների կառավարման տնտեսական գործունեության մեջ, մենք կխաթարենք էկոնոմիկան»: Ըստ Հրանտ Բագրատյանի, անընդունելի է ասել՝ մասնավոր կառավարիչը կորոշի: Պարոն Բագրատյանի հաջորդ հարցն այն մասին էր, որ «եթե մարդը կատարել է  վճարում՝ ապահովագրական պոլիս է ստացել, 8 ամիս հետո որոշել է գնալ Հայաստանից, տալո՞ւ եք իր փողը: Իրավունք ստանալո՞ւ է վերցնի ու տանի»: Պարոն Արամյանը վստահեցրեց. «Այո, տալու ենք: Խաղի կանոններ են սահմանված: Եթե մեկնում է մեկ այլ երկիր, մենք ասում ենք՝ կփոխանցենք այդ երկրի կուտակային համակարգերին: Եթե այդ երկրում չկա կուտակային համակարգ, տնօրինվելու է իր կողմից»: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ «Հիմա դուք ի՞նչ եք ասում, սա կաշխատի՞ թե՞, չէ, ձեր պատասխանը  սա է՝ 23 տարի հետո կերեւա»: Նա նաեւ համեմատեց Ռուսաստանի հետ, որտեղ նույնպես այս օրենքները քննարկվում են: Ըստ Վարդան Արամյանի, մեր համակարգը նման չէ Ռուսաստանին ու համեմատել պետք չէ. «Մեր համակարգը նման է էստոնական համակարգին, եթե կան այնտեղ խնդիրներ՝ ասեք քննարկենք»:

ՀԱԿ մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ օրենսդրական փաթեթի հետ կապված լայն քննարկումներ են տեղի ունենում մամուլում, սոցցանցերում, խոսվում է հարկային բեռի ծանրացման մասին, ժողովրդի լեզվով ասած ՝ սա հարկային բեռ է՝ որպես պարտադիր վճար: Նա խնդրեց բացարձակ թվերով ու պարզ ասել, թե ինչքա՞ն մասհանում է անում այսօր 150 հազար դրամ ստացող աշխատողը, ինչքա՞ն մասհանում է անում եկամտահարկի գծով, սոցվճարի գծով 5 հոգի աշխատող ունեցող ՍՊԸ-ն:

Արամյանը պատասխանեց, որ կոնկրետ թվեր կդժվարանա ասել՝ խոստանալով հաշվել ու այն ներկայացնել իր ամփոփիչ ելույթում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930