Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքը համատեղ աշխատանքով է գալիս

Սեպտեմբեր 13,2012 14:01

Ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ եւ 56 երկրների մեջ ընդհանուր թիմային պայքարում զբաղեցրեց չորրորդ տեղը: Վերջին տարիներին սա թերեւս առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները նույն մրցման ժամանակ ավելի հաջող են հանդես գալիս հունահռոմեականներից:

«Առավոտը» դիմավորման արարողության ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեց Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի հետ:

– Աշխարհի երիտասարդական առաջնություն, երկու բրոնզե մեդալ: Նման բան ինչ-որ չենք հիշում:

– Այս տարիքային խմբում վերջին մեդալը՝ արծաթե, ունեցել ենք 2007 թվականին, երբ ավագ մարզիչը Արայիկ Բաղդադյանն էր: Հիմա մեր հավաքականը նվաճել է երկու բրոնզե մեդալ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 56 երկրների մեջ գրավել 4-րդ տեղը: Սա, կարծում եմ, նույնպես հաջողություն է, եթե նկատի ունենանք նաեւ, որ մենք Թաիլանդում մասնակցել ենք նախատեսված ութից յոթ քաշային կարգում:

– Եթե չեմ սխալվում՝ մեր յոթ ըմբիշներից վեցը երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն ուներ:

– Այո: Սակայն միայն երկուսին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

– Գո՞հ եք արդյունքից:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Բայց կարող էինք ավելիին էլ հասնել: Այո, մեր յոթ ըմբիշներից վեցը մրցանակակիր դառնալու շանս ունեցան: Բայց հատկապես ուզում եմ նշել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, որը, կարելի է ասել, մեկ ոտքով մասնակցեց մրցումներին ու, չնայած դրան, հավակնեց բրոնզե մեդալի: Գրիգորը մեկնարկի նախորդ օրը հյուրանոցում աստիճանների վրա անսպասելի ոլորեց ոտքը եւ ոտնաթաթի բավականին լուրջ վնասվածք ստացավ: Նա կշեռքի ներկայացել է մեկ ոտքի վրա ցատկելով: Լավ էր, որ քաշ գցելու խնդիր չուներ: Այլապես կամ ընդհանրապես չէր մասնակցի մրցումներին, կամ էլ շատ արագ շարքից դուրս կգար: Գրիգորն անգամ այդ վիճակով նախնական գոտեմարտերում տարավ երեք հաղթանակ, իսկ սփոփիչ գոտեմարտերում հավասար պայքարում չկարողացավ զարգացնել հաջողությունը եւ բավարարվեց 5-րդ տեղով: Նախապես հույսեր ունեինք՝ կապված նաեւ Եվրոպայի այս տարվա մյուս արծաթե մեդալակիր Արտակ Հովհաննիսյանի հետ: Բայց նա լավ չմասնակցեց՝ նույնպես բավարարվելով 5-րդ տեղով:

– Ազատ ոճում առաջընթացը նկատելի է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հարցիս պատասխանեք առանց ինքնագովասանքի:

– Այդպիսի մտադրություն ընդհանրապես չունեմ: Ես կատարում եմ ինձ վստահված աշխատանքը ու աշխատում լավ անել՝ հնարավորություններիս սահմաններում: Իսկ առաջընթացը համընդհանուր համատեղ աշխատանքի արդյունք է՝ մեր ֆեդերացիայի, երիտասարդական, պատանեկան եւ ազգային հավաքականների մարզիչների հաստատված համատեղ աշխատանքի, մարզիկների աշխատասիրության, անձնական մարզիչների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, սպորտի նախարարության…

– Ձեր խոսքում ինչ-որ նոր արտահայտություն լսեցի. տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների համատեղ աշխատանք:

– Այո, ճիշտ եք լսել՝ համատեղ աշխատանքի: Ես երիտասարդական հավաքականը գլխավորում եմ 2010 թվականից եւ կխոսեմ միայն այդ տարիների մասին: Իսկապես, համագործակցություն է սկսվել այդ տարիքային խմբերի մարզիչների միջեւ, որն, ինչպես տեսնում ենք, արդեն արդյունքներ է տալիս: Օրինակ, Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեր ըմբիշների ուսումնամարզական հավաքներին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Վլադիկավկազ՝ նախաօլիմպիական վերջին ուսումնամարզական հավաքներ, տարել էր նաեւ երիտասարդական հավաքականի ըմբիշներին՝ նրանց, ովքեր հանդես եկան Թաիլանդում: Ու դա տվեց իր դրական արդյունքը: Ու այս աշխատաոճը տարածվում է նաեւ պատանիների հավաքականի վրա՝ ներառյալ հավաքականների գրեթե բոլոր մարզումները:

– Տարին ավարտվում է: Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

– Մեզ համար օրացուցային տարի չկա: Մեր աշխատանքը շարունակական է եւ վերջ չունի: Ըմբիշները մի քիչ կհանգստանան, հետո կմասնակցեն միջազգային մրցաշարերի, որոնցից հետո կնախապատրաստվեն եկող տարվա Հայաստանի առաջնությանը, որի արդյունքներով կկազմավորենք երիտասարդական հավաքականի նախնական կազմը ու կշարունակենք աշխատել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930