Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստիս հետ հաղորդակցվելու համար հարկ չկա վճարելու»

Սեպտեմբեր 13,2012 13:59

Յարոսլավլում լույս տեսնող «Զոլոտոյե կոլցո» պարբերականը անդրադարձել է քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանի արվեստին:

Յարոսլավլի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Մուրադ Աննամամեդովի խնդրանքով, տեղի Լ. Վ. Սոբինովի անվան պետական ֆիլհարմոնիայի դահլիճում Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիայում քամանչայի մենանվագը կատարելու նպատակով, դեռեւս մայիսի վերջին հրավիրվել էր Հակոբ Խալաթյանը: Այդ ժամանակից մինչ վերջերս լուր չկար հայ երաժշտից: Մասնագիտական շրջանակներում կատակում էին, թե Հակոբը խոպան է մեկնել: Միայն օրերս, ճանաչված քամանչահարի՝ հայրենիք վերադարձից հետո, «Առավոտը» հանդիպեց նրա հետ:

Շուրջ 40 տարի բոլոր մայրցամաքներում քամանչան հնչեցրած Հակոբ Խալաթյանը տեղեկացրեց, որ Յարոսլավլում մայիսի 29-ին, տեղի սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի փակումից հետո, նվագախմբի հետ, դարձյալ Տերտերյանի սիմֆոնիան հնչեցնելու համար, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու 7-րդ անգամ անցկացվող «Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ մոսկովյան այս փառատոնում յուրաքանչյուր տարի մասնակցում է 4 երկրից հրավիրված նվագախումբ, հայտնելով. «Այս տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կուբայի, Կոլումբիայի հերթն էր: Հատկանշական է այն, որ Ռուսաստանը ներկայացնող Յարոսլավլի նվագախումբը կատարեց ոչ թե ռուս կոմպոզիտորի գործ, այլ Տերտերյան: (Այդ երեկո հնչել է նաեւ Չայկովսկի): Ընդ որում, հրավիրված էր հայ անվանի կոմպոզիտորի որդին՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը: Սիմֆոնիայի կատարումից հետո բազում շնորհավորանքներ ու հաճելի խոսքեր հնչեցին անվանի շատ երաժիշտների կողմից, այդ թվում՝ հայտնի դիրիժոր Գենադի Ռոժդենստվենսկու, երաժշտագետ Սվյատոսլավ Բելզայի, որն, ի դեպ, վարում էր համերգը եւ այլն: Համերգից անմիջապես հետո ցանկություն հայտնեցի կրկին վերադառնալ Յարոսլավլ, այս անգամ՝ այլ նպատակով»: Խնդրանքին՝ մանրամասնել ասվածը, երաժիշտը հայտնեց. «Ինչպես հայտնի է, ես նաեւ գեղանկարիչ եմ եւ մեծ ցանկություն ունեի Ռուսաստանի այդ երկրամասը «փոխանցել» կտավին: Աննամամեդովի «հորդորով» հունիսի 21-ին, դարձյալ իր ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ, այս անգամ՝ Անատոլի Օսելկովի ղեկավարությամբ, հնչեցրինք Նարինե Զարիֆյանի «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» ստեղծագործությունը՝ գրված քամանչայի ու սիմֆոնիկ նվագախմբի համար: Եվ քանի որ Յարոսլավլում անցկացրած այդ ժամանակահատվածում նկարել էի շուրջ 35 աշխատանք, օգոստոսի 18-ին էլ տեղի նկարիչների միությունում կայացավ համերգ-հանդիպում՝ «Երգող ներկապնակ» խորագրով: Միջոցառման ժամանակ հնչեցին ոչ միայն քամանչա, այլեւ իմ պատրաստած ալտ-քամանին, ներկայացնելով 10-20-րդ դարերում Նարեկացուց, Նաղաշ Հովնաթանից, Սայաթ-Նովայից, Կոմիտասից, Ջիվանուց մինչեւ մերօրյա ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտություն: Հայկական երկերի մեկ-երկու կատարում էլ տեղի երաժիշտների մասնակցությամբ հնչեցրինք ջազային ոճում»: Մեր զրուցակիցը շեշտեց Յարոսլավլի ավելի քան 5000-անոց հայ համայնքի, նրա ղեկավար Սոկրատ Խաչատրյանի եւ հայ գործարարների, մասնավորաբար՝ Վլադիմիր Հրանտովիչի հոգատարության մասին:

Մեր զրուցակցին փոխանցելով իր գործընկերների կատակը, թե մեկնել է խոպան, Հակոբ Խալաթյանն ասաց, թե համերգները եղել են բարեգործական, հավելելով. «Արվեստիս հաղորդակցվելու եւ ինձ տեսնելու համար հարկ չկա վճարելու: Չգիտես ինչու, վերջին ժամանակներում երաժիշտների շրջանում անընդհատ խոսվում է ֆինանսի մասին, անտեսելով զուտ մարդկային վերաբերմունքի գործոնը: Տեղեկացնեմ, որ ՌԴ ժողովրդական արտիստ Աննամամեդովը հոգացել էր իմ բոլոր խնդիրները: Նշեմ, որ նա Յարոսլավլի հենց կենտրոնում, շենքի վերջին հարկի իր 3 բնակարանները տրամադրում է հյուրախաղորդ արվեստագետների: Կարծում եմ՝ սա ֆինանսի յուրօրինակ տնտեսում է եւ մեր նվագախմբի ղեկավարները գուցե մտածեն այս ուղղությամբ…»: Հետաքրքրությանը, թե 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 20-ամյակի առիթով Արարատի գագաթին քամանչա հնչեցնելը հնարավո՞ր է կրկնվի նաեւ այս տարի մեր զրուցակիցը ասաց. «Նման վայրում միայն մեկ անգամ է բախտ վիճակվում ելույթ ունենալ, այն էլ Աստծո կամոք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930