Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիան բանի տեղ չի դրել Հայաստանին, որի քաղաքացին է սպանվողը

Սեպտեմբեր 13,2012 13:57

Հանցանք կատարած անձանց արտահանձնելու ինստիտուտ (էքստրադիցիա) նշանակում է հանցագործություն կատարած անձին պետությունը, որի տարածքում նա գտնվում է, հայցում անող պետությանը հանձնելը: Հիշյալ ինստիտուտը կարգավորվում է Ստրասբուրգի 1957թ. դեկտեմբերի 13-ի արտահանձնելու մասին Եվրոպական կոնվենցիայով եւ 13.10.1975թ., 17.03.1978թթ. լրացուցիչ արձանագրություններով: Հիշյալ ինստիտուտը հիմնված է պետությունների միջեւ կնքված բազմակողմ եւ երկկողմ պայմանագրերի հիման վրա, ըստ որի՝ պարտավորվում են կողմերի պահանջով միմյանց հանձնելու իրենց տարածքում գտնվող անձանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռը ի կատար ածելու: Ըստ կոնվենցիայի, հայցում անողը կարող է լինել պետությունը, որի քաղաքացին է համարվում հանցանք կատարող անձը, կամ որի տարածքում կատարվել է հանցանքը, կամ միջազգային պայմանագրի համապատասխան՝ արտահանձնելու հարցապնդում անելու իրավունք ունեցող երրորդ կողմը: Կոնվենցիայում հստակ ամրագրված են հանցագործություն կատարած անձանց արտահանձնելու կամ արտահանձնելու հարցապնդումը չիրականացնելու հիմքերը: Ըստ այդմ՝ պայմանավորվող կողմերը իրավունք ունեն սեփական քաղաքացիներին չհանձնելու, իսկ հարցումը կարող են չիրականացնել, եթե հանցանքը, որի առթիվ անձը հայցվում է, դիտվում է քաղաքական հանցագործություն կամ փոխկապակցված է նրան, եւ այլն (կոնվենցիայի 3-րդ հոդված, 6-րդ հոդված): Մեր քրեական օրենսդրությամբ արտահանձնելու հարաբերությունը կարգավորվում է Քրեական օրենսգրքի 32-րդ նորմով եւ համապատասխանորեն այլ պետության տարածքում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները չեն հանձնվում այլ պետությանը՝ քրեական հետապնդում իրականացնելու համար: Հանրապետության սահմանից դուրս հանցանք կատարած իրեն քաղաքացիներին իր քրեական օրենքով պատժելը դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքի վկայությունն է: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ միջազգային պայմանագրերի համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար (32 հոդվածի 2-րդ մաս): Նկատենք, որ Սաֆարովին արտահանձնելը նույնպես վերաբերում է էքստրադիցիայի ինստիտուտին: Բազմակողմ պայմանագրի պարագայում Հունգարիան, որի տարածքում Սաֆարովը կացնահարմամբ սպանել է քնած հայ սպային եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, առաջին 30 տարում առանց ներման իրավունքը կիրառելու եւ պատիժը կրում է Հունգարիայում, Ադրբեջան պետության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում Սաֆարովը, հարցապնդումը բավարարելով, դատապարտյալին արտահանձնել է վերջինիս: Ադրբեջանի նախագահը անհապաղ ներում է շնորհել Սաֆարովին եւ ազատել պատիժը կրելուց: Այս դիպվածքի առնչությամբ մտահոգված ենք բոլորս, քանզի խնդիրը փոխկապակցված է ոչ միայն սպանված հայ սպայի պատվի, այլեւ ողջ հայության արժանապատվության հետ: Քաղաքագետները եւ իրավաբանները գտնում են, որ Հունգարիան եւ Ադրբեջանը կոնվենցիայի դրույթները խախտել են, իսկ տեղեկատվության միջոցները խիստ քննադատում են Ռուսաստանին՝ դիպվածքը չդատապարտելու լռության համար եւ այլն:

Տրամաբանական հարց է ծագում. իսկ հայոց կողմը ի՞նչ է արել Սաֆարովի արտահանձնումը կանխելու եւ խափանելու համար, որը դիտարկենք ստորեւ:

Արտահանձնումը կատարվել է կոնվենցիայի առաջին մասի հիմքով, որտեղ ասված է. «Պայմանավորվող կողմերը պահպանելով սույն կոնվենցիայում շարադրված դրույթները եւ պայմանները, պարտավորվում են մեկը մյուսին հանձնել բոլոր անձանց, որոնց նկատմամբ հայցող կողմի իրավասու մարմինները քրեական հետապնդում են իրականացնում որեւէ հանցագործություն կատարելու կամ հիշյալ մարմնի կողմից հետախուզվում են, դատավճիռը ի կատար ածելու կամ ձերբակալելու որոշման կապակցությամբ»:

Նկատենք, որ արտահանձնումը համապատասխանում է կոնվենցիային եւ իրավական առումով Հունգարիայի կողմի գործողությունները համաչափ են: Այլ բան է, որ Հունգարիան բանի տեղ չի դրել Հայաստանին, որի քաղաքացին է սպանվողը:

Ադրբեջանական կողմի խախտումը կայանում է նրանում, որ Իլհամը ինքնակա պատիժը կրելուց ազատ է արձակել մարդասպանին, երբ Հունգարիայի դատարանի դատավճռով ցմահ ազատազրկվածի նկատմամբ առաջին 30 տարում ներման իրավունքը չպետք է կիրառվեր: Մնացածը, թե Իլհամը աճպարարությամբ եւ խաբեությամբ է պրոցեսը շահել կամ հերոսացրել է մարդասպանին, դրանք հանցագործին արտահանձնելու իրավական պրոցեսից դուրս են եւ մտնում են Իլհամի ներքին հոգեբանական վերաբերմունքի եւ իր քաղաքացուն պաշտպանելու ինտելեկտուալ ձեւի մեջ (հայր եւ որդի Ալիեւների հայատյացության մասին վաղուց գիտենք):

Ռուսաստանի Դաշնությունից դժգոհելը, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ Ռուսաստանը ներկայումս համանման խնդիր ունի՝ կապված Վիկտոր Բուտի եւ Կոնստանտին Յարոշչենկոյի սկանդալային գործով, որոնց ԱՄՆ-ի դատարանը երկարատեւ ազատազրկման է դատապարտել: Նախագահ Վ. Պուտինը եւ արտգործնախարար Ս. Լավրովը հետեւողական պայքարում են սեփական քաղաքացիներին Ռուսաստանին արտահանձնելու համար, իսկ վերջերս Լավրովը հանդիպել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ համաձայնության են եկել արտահանձնելու իրավական պրոցեսը սկսելու համար. Interfax.ru (շահերը բախվել են): Նկատենք, որ արտահանձնելու իրավական պրոցեսը չափազանց բարդ եւ ժամանակատար է, ըստ որում՝ հանձնելու ուղեկցական փաստաթղթերը պետք է լինեն գրավոր տեսքով եւ ներկայացվում են դիվանագիտական ուղիների միջոցով (կոնվենցիայի 12 հոդված, 1-ին մաս): Հարց է առաջանում. այդ ընթացքում ո՞ր կենդանու ականջում են քնած եղել մեր պետական այրերը: Բանից պարզվում է՝ հայոց նախագահը եւ արտգործնախարարը Սաֆարովին արտահանձնելու պրոցեսից անտեղյակ են եղել, կամ տեղեկացված լինելով հանդերձ (Սփյուռքը ահազանգել է)՝ հույս են ունեցել, որ արտահանձնումը կկանխվի, այսինքն՝ անտարբեր են գտնվել, որից օգտվել է Իլհամը: Երբ արտահանձնումը տեղի է ունեցել, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը կամ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելը ձեւականություններ են, աղմկում են, մինչդեռ ժամանակը բաց են թողել: Եթե մեր պետական այրերը ապաշնորհ չգտնվեին, այլ Ռուսաստանի առաջին դեմքերի նման, սեփական քաղաքացուն տեր կանգնելու համար դռնեդուռ ընկնեին, ապա մարդասպանի արտահանձնման պրոցեսը կվերահսկվեր եւ կխափանվեր: Մեզ մնում է միջազգային դատարանում բողոքարկել Սաֆարովին պատիժը կրելուց ինքնակա ազատելու ապօրինությունը: Հայցով կարող են դիմել սպանվածի ներկայացուցիչը կամ Հայաստանի Հանրապետությունը:

Մի հանգամանք եւս. հետաքրքիր է՝ ոչ թե քնած անձին սպանող, այլեւ դեմառդեմ ադրբեջանցիների հետ կռված եւ հաղթանակած հայ տղերքին կամ նրանց, ում ադրբեջանցիների պատճառով հալածել ու անօրեն են վարվել, ինչպե՞ս են մեր պետական այրերը մեծարում: Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը:

 

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930