ԲՀԿ-ն պետական միջոցների կառավարման իր եղանակներն է առաջարկում
ԲՀԿ-ում կիսում են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ նախօրեին խորհրդարանին ներկայացրած հաշվետվության մեջ ՀՀ կառավարությանն ուղղված հարցադրումները՝ պետական հատվածի կառավարման մասով, մասնավորաբար, պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության եւ շահաբաժիններին, պետական անշարժ գույքի վարձակալության հետ կապված խնդիրներին, պետական ընկերությունների անշարժ գույքի եւ մասնավորեցված ընկերությունների ներդրումային պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցադրումները: «Հայաստանում այսօր կան շուրջ 400 պետական ձեռնարկություններ, որոնք բոլորը միասին պետությանը, որպես սեփականատիրոջ, տարեկան վճարում են ընդամենը 600 միլիոն դրամ շահաբաժին: Եթե այդ գումարը բաժանենք 12 ամիսների եւ 400 ընկերությունների վրա, ամսական կլինի շուրջ 270 դոլար: Սա միջինացված է, թեեւ այս պարագայում միջինացնելն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ միայն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն տալիս է 150 միլիոն դրամ: Եթե դա էլ հանենք՝ ավելի փոքր ցուցանիշ կստանանք: Ինչեւէ, ստացվում է, որ մեկ պետական ընկերությունը պետությանն ամսական շահաբաժին է տալիս մոտ 270 դոլար, որը մոտավորապես հավասար է Երեւանի մեծ կենտրոնում 15-20 քառակուսի մետր տարածքի վարձակալության վճարի: Սա աբսուրդ է եւ ծիծաղելի. թույլ է տալիս ասել, որ պետությունը լավ կառավարիչ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա գտնում է, որ այս առումով ՎՊ-ի հարցադրումները ճիշտ էին, եւ ակնկալում է, որ կառավարությունը կտա դրանց պատասխանները: Ինքը՝ Միքայել Մելքումյանը, երկու բացատրություն ունի. «Դրանք իսկապես կիսամեռյալ ձեռնարկություններ են, անհրապույր վայրերում, գրավիչ չեն, որեւէ ներդրում չի կատարվում, եւ մնացել են միայն շենքն ու կնիքը: Բայց կա նաեւ երկրորդ տարբերակը՝ ստվերային տնտեսություն: Ամեն դեպքում, կառավարությունը պետք է որոշի այդ ընկերությունների ճակատագիրը՝ որո՞նք պետք է դեռեւս մնան պետական, որո՞նք լուծարվեն կամ գնան սնանկացման, որտե՞ղ են ներդրումներ անհրաժեշտ: Եթե կառավարությունն ասում է, որ ինքն ունի խորը տնտեսական բարեփոխումների, ոչ միայն տնտեսական աճի, այլեւ զարգացման ռազմավարություն՝ ես չեմ տեսնում, որ ինքը իրեն ենթակա պետական ձեռնարկությունները կարողանում է զարգացնել: Ինչի՞ մասին է խոսքը»:
Հաջորդ խնդիրը պետական ձեռնարկությունների անշարժ գույքի արդյունավետ օգտագործմանն է վերաբերում. «Հարյուր հազարավոր քառակուսի մետրերով անշարժ գույքեր կան՝ լուծարման, սնանկացման մեջ՝ մնալով պետական եւ ստատիկ վիճակում: Խոսքը հատկապես արտադրական մակերեսներին է վերաբերում՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, որոնք բարձիթողի վիճակում են, քայքայվում են եւ տարեցտարի փոշիանում»: Մյուս խնդիրը վերաբերում է պետական շենք-շինությունների վարձավճարներին: Միքայել Մելքումյանը ճիշտ է համարում հարցադրումը, որ այդ վարձավճարները պետք է մոտեցվեն շուկայական գներին. «Բայց ՎՊ-ն երեւի լավատեղյակ չէ, որ շատ պետական շենք-շինություններում, օրինակ՝ նախկին նախագծային ինստիտուտներում, գիտական, նույնիսկ բուհական համակարգում, բացի պետական բյուջե գնացող վարձավճարից, տվյալ կազմակերպությունը վերցնում է նաեւ սպասարկման վճար, քանի որ պետական շենք-շինությունները պետբյուջեից սպասարկման վճարներ չունեն՝ տանիքների, կոյուղիների, ջրագծերի եւ այլնի վերանորոգման համար: Ի դեպ, սպասարկման վճարը հաճախ կարող է վարձավճարից էլ շատ լինել: Վերջնական գինը պետք է ձեւավորել»: Մյուս վիճահարույց հարցը մասնավորեցված ընկերությունների ներդրումային պարտավորություններին է վերաբերում: «Կարո՞ղ եք թվարկել մեկ-երկու դեպք, երբ արդեն ներդրումային պարտավորությունները չկատարած սուբյեկտները դատական կարգով կամ այլ ձեւով պետականացվել են, եւ նոր իրավիճակ է ստեղծվել»,- հարց է բարձրացնում ԲՀԿ-ական պատգամավորը, ով կողմ է, որ պետությունը շատ հստակ պահպանի «ներդրումներ+աշխատատեղեր» սահմանումը, զիջումներ չանի՝ բացառությամբ հատուկենտ դեպքերի: «17 տարիների ընթացքում մասնավորեցվել են 2000-ից ավելի խոշոր եւ միջին ձեռնարկություններ, շուրջ 5000 փոքր եւ անավարտ շինարարական օբյեկտներ: Այսօր մնացել է 35-40 ձեռնարկություն: Նախօրեին քննարկված 2011 թվականի մասնավորեցման հաշվետվության մեջ էլ նշված էր, որ ընդամենը երեք ձեռնարկություն է մասնավորեցվել: Երեք ձեռնարկության համար պահել մեծ ծրագիր, բերել հաշվետվություն տալ եւ այլն՝ աբսուրդ է: Այդ էջը պետք է փակել, սա արդեն հնացած է»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ում գտնում են, որ կառավարության իրականացրած քայլերը դեռ հարվածային են, եւ դա չեն կապում վարչապետի աթոռի հավակնությունների հետ: «ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ է քվեարկել: Որեւէ անձի կամ անձերի խմբի հետ չենք ուզում տեղայնացնել: Մենք որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում, բայց որ անբավարար են քայլերը՝ բոլորս ենք տեսնում: Ի՞նչ անենք. այն, ինչը որ անբավարար է, ասենք՝ լա՞վ է: Լավին՝ լավ, վատին՝ վատ: 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձով դուք կարո՞ղ եք ապրել: Է, մենք էլ ասում ենք՝ եկեք քայլեր անենք: Պահանջարկը խթանենք: Չեմ ասում՝ հենց հիմա 100 հազար դրամ դարձնենք, բայց քայլ անենք, որ երեւա, թե կարելի է հույս կապել: Պարզ, մարդկային, մատչելի լեզվով պետք է ասել՝ այս տարի սա ենք անելու, մյուսին՝ սա: Կառավարության ծրագրում գրված էր՝ 2008-ից հետո աղքատության տոկոսը աճել է՝ 25-ից 36 դառնալով, իսկ ստանձնած պարտավորությամբ պետք է իջներ 12 տոկոս. գրել, որ 2018-ին պետք ա հետ գալ 25 տոկոսի: Այսինքն՝ 2018-ին դեռ գալիս ենք 2007-ի մակարդակի՞ն հասնենք: Դա անընդունելի չէ՞: Կամ՝ ծայրահեղ աղքատների թիվը 1,6 տոկոս իջնելու փոխարեն՝ դարձել է 3 տոկոս: Եթե քո երկրում վճարունակ զանգված չկա, բիզնեսը ո՞նց է զարգանալու: Էս ֆոնին էլ խոսում ենք համաշխարհային մրցունակության, վարկանիշային գնահատականների մասին: Էդպես ո՞նց կլինի: Եթե մարդու բոլոր օրգանները լավ են աշխատում, բայց նա շաքար ունի՝ էլ ի՞նչ կարեւոր է մյուս օրգանների վիճակը: Դրա համար համալիր եւ համակարգային լուրջ տնտեսական փոփոխություններ են պետք»,- ասում է Միքայել Մելքումյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ