Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձեւի հետ փոխվող բովանդակություն

Սեպտեմբեր 13,2012 13:34

Գիտե՞ք, թե որն է Վրաստանի ցանկացած բնակավայրի՝  նույնիսկ աղքատ, հետամնաց գյուղերի ամենաշքեղ կառույցը: Դա ոստիկանության բաժանմունքն է. բոլորն ակնհայտորեն սարքած են մեկ նախագծով՝  երեք կողմից ապակեպատ շինություններ են: Ցանկացած անցնող-դարձողը կարող է տեսնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սա, այսպես ասած, ձեւի եւ բովանդակության միասնության դրսեւորումներից մեկն է՝  ուղիղ եւ փոխաբերական իմաստով թափանցիկության ցուցադրում: Ենթադրվում է, որ նման շինություններում հնարավոր չէ մարդ խոշտանգել կամ կաշառք վերցնել՝  չնայած բացառված է, որ Վրաստանում կամ աշխարհի որեւէ այլ երկրում նման բան ընդհանրապես տեղի չունենա: Բայց «թափանցիկության» հոգեբանական ազդեցությունը, այնուամենայնիվ, կա՝  պետությունը, նրա իրավապահ մարմինները առնվազն ցույց են տալիս իրենց մտադրությունները:

Հավանաբար, դա վրացիների գյուտը չէ: Միացյալ Նահանգների կառավարությունը, որն ամեն ձեւով աջակցում է մեր հարեւաններին, մեծ փողեր է ներդրել նաեւ Վրաստանի ոստիկանության արդիականացման վրա, ինչից շահել են, իհարկե, առաջին հերթին այդ երկրի շարքային քաղաքացիները, բայց նաեւ՝  հայ զբոսաշրջիկները, որոնց թիվը ամռան ամիսներին հասնում է տասնյակ հազարների: Ոստիկանությունն այնտեղ կողմնորոշված է ոչ թե բռնելու եւ «փող կլպելու», այլ ծառայություն մատուցելու ուղղությամբ: Խորհրդային «միլիցայի» սինդրոմը Վրաստանում, կարծես թե, հաղթահարված է: Չէի ասի, որ այդ ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում՝  արվում է, բայց «արմատականության» ավելի ցածր մակարդակով:

Դառնալով ոստիկանության բաժանմունքների թափանցիկ տեսքին՝ ուզում եմ ասել, որ դա միայն առաջին հայացքից է ձեւականություն: Երբեմն այդպիսի ձեւականությունների տակ լուրջ բովանդակություն է թաքնված: Հայաստանում էլ որոշ հիմնարկներ, համենայնեպս՝ իրենց արտաքին տեսքով, տարբերվում են այն վիճակից, որը կար թեկուզ 10 տարի առաջ: Խոսքը թե պետական եւ թե մասնավոր հաստատությունների մասին է: Դուք չեք կարող համեմատել հայաստանյան կապի երեք օպերատորների գրասենյակները հին «ատեես»-ների հետ, որտեղ իրար գլխի էին հավաքվում մի քանի տասնյակ մարդ, իսկ փնթի աշխատակցուհիները աջուձախ շշպռում էին հաճախորդներին: Այսօր Երեւանում կադաստրի մասնաճյուղերը խիստ տարբերվում են այդ կառույցի նախկին գրասենյակներից: Կամ՝  ճանապարհային ոստիկանության այն բաժանմունքը, որտեղ ավտոմեքենաների համարներ են տալիս, նման չէ առաջվա «մռու»-ին: Բոլոր նշված տեղերում համակարգիչների մոտ նստած են բարետես աղջիկները եւ ոչ թե շշպռում են, այլ սպասարկում են ձեզ:

Ես հասկանում եմ, թե որքան անշնորհակալ գործ է Հայաստանում որեւէ լավ բան գրելը կամ ասելը եւ ինչպիսի դիմադրության է դա հանդիպում քաղաքականացված շրջանակներում: Բայց խոսքը տվյալ դեպքում այլ երեւույթի մասին է. ձեւի փոփոխությունը կարող է բերել, պետք է, ի վերջո, բերի բովանդակության փոփոխության:

Ճիշտ նույն ձեւով այնպիսի մանրուքը, ինչպիսին է ամրագոտի կապելը, վկայում է թերեւս մտածողության մեջ որոշ տեղաշարժի մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930