Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյաձյա, ոստիկանություն մի զանգեք». Դատախազի քույրը ցուցմունք է տալիս

Սեպտեմբեր 13,2012 13:26

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ քրեական գործի դատաքննությունը: Մեղադրող Հարություն Հարությունյանն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ այս տարվա մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի 36 շենքի մոտ միմյանց վեճի արդյունքում մարմնական վնասվածքներ են հասցրել ամբաստանյալները: Այսօր դատարան էր կանչվել Մանրիկյանի քույրը՝ վկա Սաթենիկ Մանրիկյանը:

Դատավորը հիշեցրեց վկայի իրավունքները, համաձայն որի՝ վկան կարող է հարազատի, ազգականի հետ կապված գործերով հրաժարվել ցուցմունք տալուց:  Այդպես չեղավ, նա հայտնեց, որ տհաճ է հիշել կատարվածը: Այնուամենայնիվ, նկարագրեց,  որ եղբոր ավտոտնակը իրենց պատուհանից երեւում էր, եւ ինքը  4-րդ հարկից նայելով՝ տեսել է, թե ինչպես է Ալբերտը մեքենան դուրս հանում ավտոտնակից, իսկ Մեսրոպն էլ՝ ավտոտնակի դռները փակում:

Վկան հայտնեց, որ երկու երեխա վազելով մոտեցել են մեքենային, Ալբերտը արգելակել է, եւ լսել է, թե ինչպես Մեսրոպն ասաց՝ «էս երեխաները մենակ ե՞ն, անտերուդուս են թողել»: Ինքը մեկ-երկու րոպեով հեռացել էր պատուհանից, հանկարծ լսել է դարպասի ուժեղ հարված. «Մեսրոպին տեսա, որ փռվեց գետնին»: Վկան, ինչպես ներկայացրեց,  դա տեսնելուց հետո իջել է բակ, տեսել է այդ պահին Ռուբենին՝ գետնին ընկած, իսկ «Մեսրոպը շվարած էր, ակնոցը մի կողմ ընկած»: Հետագայում վկան Մեսրոպի հետ տուն է այցելել, նրա աջ աչքը կապտած էր եւ ինքը թրջոցներ է դրել, օգնություն ցույց տալով նրան: Դատախազի խաչաձեւ հարցադրումներին, թե արդյոք Մանրիկյաններից բացի, այլ տղամարդ եղե՞լ է բակում, վկան ասաց, որ ոչ:

Ի դեպ, այս վկան ասաց, որ Ռուբենի կինը անընդհատ շեշտում էր, որ հղի է, խնդրում էր, որ ամուսնուն չծեծեն եւ դիմելով Մեսրոպին, ասել է՝ «ձյաձյա, ոստիկանություն մի զանգեք»: «Հանելուկային թվաց այս դեպքը, այդքան տարի ապրել ենք իրար հետ, սակայն այդպես էլ պատճառը չհասկացա»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց վկան:

Ռուբեն Գրդզելյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Սողոմոնյանը դիմեց դատարանին, որպեսզի հրապարակվեն այս գործով վկաներ Ռուբենի կնոջ՝ Տաթեւիկի եւ մոր՝ Անահիտ Թովմասյանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը հարգեց փաստաբանի միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ 2 ամսական երեխա ունի Տաթեւիկը, իսկ մայրն էլ քաղաքից  բացակայում է: Ռուբենի մայրը՝ Անահիտ Թովմասյանը, հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք տալով, նկարագրել էր, թե ինչպես են երեկոյան ընտանիքով՝ ինքը, հարսը, երկու երեխաները՝ 2 եւ 4 տարեկան, եւ Ռուբենը, վերադարձել տուն: Երեխաները, ըստ այդ վկայի, գնդակ խաղալով՝ 20-25 մետր հեռացել էին իրենցից,  հանկարծ մի մեքենա է դուրս եկել եւ բղավել երեխաների վրա, թե ում լակոտներն են: Վկան ներողություն է խնդրել, սակայն հետեւել է երկրորդ ռեպլիկը՝ «անտե՞ր են, ծնող չունե՞ն»: Ռուբենը մոտեցել է Մեսրոպ Մանրիկյանին եւ ասել՝ ծնողը ես եմ, ի՞նչ է եղել: «Արի ասեմ՝ ինչ է եղել»  ասելով՝ Մանրիկյանը եւ նրա կողքին եղած ինչ-որ մեկը սկսել են խփել Ռուբենին եւ, ըստ մոր, խփում էին հիմնականում ոտքերով: Ըստ Ռուբենի մոր՝ 10-20 հարվածից հետո Ռուբենն ուշագնաց  է եղել եւ երբ Տաթեւիկը ասել է՝ չի շնչում, նոր հանգիստ են թողել Ռուբենին:

Դատակոչված վկա Բելլա Մովսիսյանը երբ դատարանում հայտարարեց, թե իրեն առեւանգել են նախորդ դատական նիստի օրը եւ տարել 6-րդ վարչություն, դատախազ Հարություն Հարությունյանը հարցրեց, թե արդյոք այդ մասին դիմե՞լ է որեւէ մեկին: Վկան ասաց, որ դիմել է 2 հոգու, սակայն մանրամասներ չի ասի: Դատավորն իր հերթին հորդորեց վկային՝ հանցագործության մասին հանդես գալ հաղորդումով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930