Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Դրա շրջանակներում սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակին: Այսօր «Peoplemeter» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ խմբի անդամ, թավջութակահար Վլադիմիր Բալշինն ասաց, որ սեպտեմբերի 14-ին կհնչեն Բեթհովենի, Շոստակովիչի եւ Միրզոյանի կվարտետները, իսկ ամսի 15-ին կկայանա Լուիս Շպորի` լարային կվարտետի եւ նվագախմբի համար կոնցերտի հայաստանյան պրեմիերան. «Երկրորդ բաժնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Ռիմսկի-Կորսակովի հայտնի «Շահրեզադե» սիմֆոնիկ սյուիտը: Համերգը նվիրվելու է Բորոդինի անվան քառյակի Առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 65-ամյակին: Դիրիժորը կլինի Էդուարդ Թոփչյանը»:
Թավջութակահարը համառոտ ներկայացրեց նաեւ իրենց խմբի ստեղծման պատմությունը. «Բորոդինի անվան լարային քառյակը սկզբնավորվել է 1945 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆեսոր Մ. Տերյանի կամերային անսմաբլի դասարանում: 1955թ.-ին կվարտետին շնորհվեց Բորոդինի անունը: Ներկայումս այստեղ հանդես են գալիս Ռուբեն Ահարոնյանը, Սերգեյ Լոմովսկին, Իգոր Նայդինը եւ ես: Կվարտետն իր գոյության ընթացքում 6000-ից ավելի համերգներ է տվել ԽՍՀՄ-ում , Ռուսաստանում, Եվրոպայի, Ասիայի, Ամերկայի եւ Ավստրալիայի տասնյակ երկրներում: Կան հարյուրավոր ձայնագրություններ, որոնք արժանացել են ամենապատվավոր պարգեւների»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև