Նարեն կարծում է, որ իր եւ Սամվելի սիրո պատմությունը տարբերվում է բոլոր զույգերի սիրային պատմություններից. «Առաջինը ես եմ խոստովանել իմ զգացմունքների մասին, – ժպտալով ասում է Նարեն,- ես և Սամվելը միասին էինք սովորում, համակուրսեցիներ էինք: Առաջին մի քանի օրն էր, ինչ դասի էինք գնում, երբ հասկացա, որ նա ինձ դուր է գալիս, բայց իհարկե հայ աղջկան բնորոշ հպարտությունը չկաողացա խեղդել մեջս ու համարձակվել ասել նրան այդ մասին»: Օրերն անցան, դարձան ամիսներ, ամեն օր Սամվելին տեսնելը մեծ ուրախություն էր Նարեի համար: Մի օր էլ համակուրսեցիներով սկսեցին զրուցել, թեմա որոշեցին, ինչի մասին յուրաքանչյուրը պետք է հայտներ իր կարծիքն ու դիրքորոշումը: Զրույցն այնքան երկարեց, որ ի վերջո քննարկման ենթարկվեց նաև Նարեի համար մի շատ կարևոր թեմա՝ նորմա՞լ է, երբ առաջինը աղջիկն է սեր խոստովանում: «Հերթը հասավ Սամվելին, և նա երկար ու ձիգ նախաբանից հետո ասաց՝ կարևոր չէ, թե առաջինն ով է սիրահարվել և ով է խոստովանել, կարևորն այն է, որ ևս մեկն իրեն երջանիկ է զգում, իսկ այս ամենում կարևորագույնը՝ անկեղծությունն է, – պատմում է Նարեն ու ավելացնում,-այդ պահին այնքան էի ուզում ասել, որ այդ երջանիկներից մեկն էլ փաստորեն ես եմ, բայց նորից չհամարձակվեցի, քանի որ շատ մարդ կար լսարանում, ամաչեցի»: Հաջորդ օրը Նարեն հավաքեց ուժերը, իր մեջ հաղթահարեց անհամարձակությունն ու մտավ լսարան. «Սամ, գիտե՞ս, ես հասկացա, որ երեկվա քո ասած երջանիկ մարդկանցից մեկն էլ ես եմ: Սամ, ես սիրահարվել եմ քեզ»: Նարեի խոստովանությունը լսեց ամբողջ կուրսը, եւ բոլորը «կիսազարմացած», «կիսաժպիտ» հայացքներով Նարեին նայեցին, իսկ Սամվելը լուռ ժպտաց (կարծես հասկացնելով, որ նա նկատել էր դա- Նարե): Նարեի խոսքով՝ այդ օրվանից հետո իր ու Սամվելի հարաբերությունները շարունակվում էին մնալ այնպես, ինչպես մինչ այդ էր. «Կարծում էի՝ Սամվելը մտածել է, թե ես կատակում եմ կամ նման մի բան, բայց իրականում, ինչպես հետագայում պարզվեց՝ Սամվելն այլ աղջկա էր սիրում», – ասում է նա: Այդ ժամանակվանից էլ Նարեն որոշում է մոռանալ Սամվելին ու իր զգացմունքները: Օրեր շարունակ դասի չգնաց, երբ նույնիսկ գնում էր՝ այնպես էր անում, որ Սամվելի հետ չխոսեր: Այդպես շարունակվեց մի քանի ամիս: Ձմեռային արձակուրդի ժամանակ էլ հանկարծ Նարեն զանգ է ստանում Սամվելից. «Ես պետք է քեզ տեսնեմ, կարևոր խոսակցություն ունեմ հետդ», – ասում է նա, Նարեն էլ համաձայնվում է: «Հանդիպեցինք, ու նա ինձ պատմեց, որ իրականում ոչ մեկն էլ չկար իր կյանքում, նա պարզապես ինձ փորձելու համար է այդ քայլին գնացել, պարզելու՝ արդյո՞ք իմ սերն անկեղծ է: Նա կրկին հիշեցրեց ինձ այն օրը, երբ սիրո խոստովանության մասին սկսել էին զրուցել ու Սամվելն ասել էր, թե շատ է կարևորում անկեղծությունը, – պատմում է Նարեն,-ճիշտ է, սկզբում մի փոքր նեղացա Սամվելի ասածից, բայց դա երկար չտևեց, չէ՞ որ ես դեռ սիրում էի նրան»: Նրանք երկար զրուցեցին, Նարեն հասկացավ, որ Սամվելն էլ իրեն է սիրում, բայց այդ մասին նա դեռ չէր ասել: Օրվա վերջում Սամվելը ճանապարհում է Նարեին տուն՝ նրա մեջ մի հարցական թողնելով՝ ինչու՞ Սամվելը չասաց, որ սիրում է նրան, կամ սիրու՞մ է արդյոք: Դեռ մի ժամ չկար, ինչ Նարեն վերադարձել էր տուն, երբ մի մեծ վարդերի փունջ առաքեցին իրենց տուն. Սամվելի կողմից էր: «Բացեցի ծաղկեփնջին ամրացված բացիկն ու կարդացի՝ ես երջանիկ եմ, քանի որ սիրում եմ քեզ, – պատմում է Նարեն ու ավելացնում,- ես ինձ աշխարհի ամենաերջանիկն էի զգում այդ պահին»:
Արդեն երկու տարի է, ինչ նրանք ընկերություն են անում և շուտով կնշանադրվեն, բայց ինչպես Նարեն է ասում՝ Սամվելը կատակելով մինչև հիմա էլ «երեսովս» է տալիս, որ առաջինը ես եմ սեր խոստովանել:
Տիգրանուհի Թասլակյան