Հատվածներ տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանի հարցազրույցից:
– Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը։
– Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու։ Ճիշտն ասած՝ դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը փորձել եւ փորձում է պահել մայրենիի անաղարտ օգտագործման եւ դասավանդման բոլոր ուղղությունները։ Երբ լեզվի մասին օրենք էր ընդունվում, մենք ամեն բան արեցինք, որ այն չփոփոխվի, կամ գոնե նվազագույն փոփոխություններ կրի։ Կարելի է ասել, որ մենք մեր նպատակին ինչ-որ չափով հասանք։ Օրենքը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրեց։ Տեղից՝ մեր լեզվի օրենքը թույլ էր, եւ այդ 4-5 հոդվածից բաղկացած օրենքն այս պարագայում մեզ համար առավել նախընտրելի էր, քան այն, ինչ այսօր ունենք։
– Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս խնդիրը լուծելու համար։
– Այսօր կառավարությունը չի ֆինանսավորում մեր լեզվում որեւէ փոփոխություն մտցնելու կամ ծրագրերը հայերեն թարգմանելու հետ կապված
որեւէ նախաձեռնություն։ Նույնիսկ Microsoft-ի ծրագիրը հայերեն թարգմանելու համար կազմակերպությունն իր գրպանից վճարեց։ Մեր կառավարությունը մատը մատին չի տալիս։ Նույն օրինակով, համացանցում առկա հայերեն թարգմանիչները եւս ստեղծվում են այդ կազմակերպության ջանքերով։ Հայաստանում ծրագրերի թարգմանություններ կատարող խումբ էր գործում, որին կառավարությունը նման ահռելի աշխատանքներ կատարելու համար չնչին գումար տրամադրեց։ Այդ գումարով նման ծրագիր
իրականացնելն ուղղակի անհնար էր։ Իմ կարծիքով՝ այն 10-20.000 դոլարը, որ տրամադրել էին թարգմանության համար, ավելի լավ կլիներ տրամադրեին որեւէ դպրոց վերանորոգելուն։ Գոնե այդպես ինչ-որ օգուտ կլիներ: Բոլորը մեզ համար ինչ-որ բան են անում, բացի մեր կառավարությունից: Ինչ էլ որ անում են՝ անձնական կապերի միջոցով են անում՝ գնում են հերթական վարչապետի մոտ, ասում են՝ «վիզ» պետք է:
– Ի՞նչ պետք է արվի ներկայիս վիճակը շտկելու համար:
– Պետական ծրագիր պետք է լինի, որը լեզուն զարգացնելու համար միլիոններ կտրամադրի։ Ոչ թե ամեն մի վարչապետ գա, հասկանար, թե ինչ է լեզուն, ինչ խնդիրների առջեւ է այն կանգնած, հետո մյուսը գա ու այդ խնդրից ոչինչ
չհասկանալով՝ գործը կանգնեցնի… Հետո, այդ վարչապետն էլ անհրաժեշտ չհամարի այդ ծրագրի համար գումար տրամադրելը, ծրագիրը մերժի՝ պատճառաբանելով, թե բյուջեում գումար չկա։ Այնինչ բյուջեն գումար ունի, բայց դրանք, կարող է, ծախսվում են անհասկանալի նպատակներով։
Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ
«168 ժամ»