Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլեն Հյուզ. «Ես կարող եմ փոխել աշխարհը»

Սեպտեմբեր 13,2012 11:58

Հատվածներ անգլիացի բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզի (Glenn Hughes) բացառիկ հարցազրույցից:

 – Դուք սովորաբար շատ քիչ ժամանակ եք անցկացնում այն քաղաքներում, որտեղ համերգներով լինում եք։ Այժմ էլ Երեւանում եք։ Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին։ Ինչպիսի՞ն է Երեւանը։

– Կարող եմ ասել, որ սիրեցի Երեւանի մարդկանց։ Ես արդեն  վաղը  պետք  է մեկնեմ, շատ ժամանակ չեմ հասցնի մնալ այստեղ, չեմ հասցնի շփվել մարդկանց հետ, բայց այն, որ այստեղ մարդկանց տեսակն ինձ շատ դուր եկավ՝ դա հաստատ է։ Ընդհանրապես կարեւորում եմ մարդկային էությունը։ Ինձ համար մարդիկ ամեն ինչ են: Բոլոր այն մեսիջները, որոնք ես տարածում եմ իմ շուրջ՝ վերաբերում են սիրուն։ Ինձ համար կարեւոր են նաեւ այն մեսիջները, որոնք մարդիկ են տարածում, եւ ես ստանում եմ դրանք։ Եթե մարդիկ լցված են սիրով, կարող են նաեւ այդ սերը տարածել իրենց շուրջ։

Ինչի՞ց է սկսվել Ձեր երաժշտական ուղին։ Գիտենք, որ առաջին քայլերը կատարել եք «Trapeze» խմբում։

– Իմ երաժշտական ուղին սկսվել է դաշնամուր նվագելուց։ Պետք է նշեմ նաեւ իմ կյանքում «Beatles» խմբի մեծ դերակատարման մասին։ Նրանց երգերը եւ գործունեությունն ինձ գրավել էին ամբողջությամբ։ Իսկ «Trapeze» խումբն այն ժամանակ սկսնակ մի խումբ էր, որի միջոցով կարողացա որոշակիորեն ներկայանալ որպես երգիչ։

Կարո՞ղ ենք ասել, որ «Beatles» խմբի տղաները Ձեզ համար հերոսներ են։

– Անկասկած։ Այն ամենը, ինչ նրանք անում էին՝ նրանց ոճը, գործունեությունն ինձ շատ էր գրավում։ Նրանք ինձ համար կուռք են եղել։ Նրանք բոլորիս կյանքում մի շարք բաներ են կարողացել փոխել։ Նրանք իրենց երգով

կարողացել են փոխել անգամ մարդկանց մտածողությունը։ Նրանք երգում էին կյանքի մասին։ Նրանց երաժշտությունը կատարվում էր սիրով եւ իր մեջ մեծ էներգիա էր կրում։ Նույն զգացողությունը ես եմ ունենում իմ երգերը կատարելիս։

Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը։

– Ուղղակի աննման է։ Ֆանտաստիկ երկրպագուների հանդիպեցի երեւանյան համերգի ժամանակ՝ բավականին զգացմունքային, ակտիվ եւ սիրալիր, հրաշալի մարդիկ։ Իրականում երկրպագուների մեծաթիվ բանակ ունեմ։ Երաժշտությանս սիրահարները հիմնականում թինեյջերական տարիքի երիտասարդներ են, ովքեր սիրում են այն գործը, որը ես անում եմ. 17, 18, 19 տարեկան աղջիկները եւ տղաներն են լսում իմ երգերը։ Իմ գործունեությունը գնահատվում է շատերի կողմից, եւ դա ոգեւորում է ինձ։ Հետաքրքիր էր այն, որ Հայաստանի երկրպագուները, նույնիսկ նրանք, ովքեր չեն խոսում անգլերեն, համերգի ժամանակ կատարում էին իմ երգերը՝ երգելով ինձ հետ։

Կարծիք կա, որ ռոքերաժշտությունը «վատ» եւ «բացասական» զգացողություններ փոխանցող երաժշտություն է։ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

– Իրականում ռոք երաժշտությունը լինում է տարբեր ձեւերի։ Կան տարբեր հնչյուններ, որոնք առաջացնում են տարատեսակ զգացողություններ, օրինակ՝ մթություն, մահ, եւ այլն։ Սակայն ոչ բոլոր տեսակի ռոք երաժշտության մեջ են առկա «բացասական» կամ «վատ» հնչյունները։ Ամեն մարդ կարող է ընտրել այն տեսակը եւ այն որակի երաժշտությունը, որն իրեն դուր է գալիս։

Ո՞րն էր «Black Sabbath» խմբից Ձեր հեռանալու պատճառը։ Կարծիք կար, որ հեռանալու պատճառը երաժշտության բնույթն էր՝ մռայլ, մութ թեմաներով երգերը։

– Նախ, ես ինձ այնտեղ ոչ հարմարավետ էի զգում, փոփոխության կարիք ունեի։ Եվ հետո այդ ժամանակ ինձ մոտ առողջական խնդիրներ առաջացան, որոնց պատճառով եւ հեռացա խմբից։ Պետք է ընտրություն կատարեի, ինչն էլ արեցի։

Կարո՞ղ ենք փաստել, որ երաժշտությունը Ձեզ հիմնովին փոխել է։

– Այո։ Դա հաստատ է։ Երաժշտությունն ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին որ հիմա եմ։

Կարեւորո՞ւմ եք հասարակության կարծիքը։

– Ես այն եմ, ինչ կամ։ Վստահ եմ, որ կարող եմ փոխել աշխարհը։ Ոչ բոլոր երաժիշտները կարող են անել դա։ Անում եմ իմ աշխատանքը։ Ցանկանում եմ, որ բոլորը միմյանց սիրեն եւ հարգեն, որ խաղաղությունն իշխի ամենուր։ Իմ նպատակը դա է եւ ոչ այլ բան։

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930