Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից արվեստագետը կնոջ մարմինը համադրել է հին հայկական նշանների հետ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 13,2012 14:03

Օրերս «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գագիկ Չարչյանի, Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արթուր Սարգսյանի, Կարինե Մնացականյանի, Դիանա Հակոբյանի, Կարինե Մացակյանի եւ Մերի Մունի խմբակային ցուցահանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում Եվգինե Մարտիրոսյանն ասաց, որ իր ներկայացրած ժամանակակից արվեստի երկու գործերը կոչվում են՝ «Այն, ինչի կարիքն ունես, սերն է», իսկ մյուսը՝ «Կանացի»: «Առաջինում կնոջ մարմինը համադրված է հին հայկական նշանների հետ, որոնք գտնվել են ժայռապատկերների եւ խեցեղենի վրա: Միավորելով երկու տարբեր մշակույթներ՝ ցանկացել եմ ցույց տալ կնոջ անկախությունը. նրա որովայնը մերկ է»,- ասաց Եվգինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ժամանակակից արվեստը Հայաստանում բավական լավ մակարդակի վրա է, քանի որ կան որակյալ եւ մրցունակ արվեստագետներ. «Ներկայումս ժամանակակից արվեստի վրա երկաթյա վարագույրներ չկան: Ժամանակի ընթացքում հայ արվեստագետները ներմուծեցին ժամանակակից արվեստի աշխարհում ընդունված ճյուղերը՝ փոփ-արտ, աբստրակտ, ինստալացիա, վիդեո-արտ»: Արվեստագետը հավելեց, որ որոշ ստեղծագործողներ կիրառում են թվային տեխնոլոգիաներ՝ նոր որակ ներմուծելով արվեստի բնագավառ:

Ժամանակակից արվեստագետ Արթուր Սարգսյանն իր աշխատանքներում օգտագործում է արխիվային լուսանկարներ՝ համադրելով դրանք աբստրակցիայի հետ: Մեր զրուցակիցն ասաց, որ ներկայացրած երկու գործը կոչվում է «Պատկերների միջեւ». «Սեփական հայեցողությամբ ընտրված պատկերները նկարներում ներկայացված են ետին պլանում՝ «երազային» վիճակում: Ետին պլանի վրա մեծ վրձնահարվածներով ստեղծել եմ տողեր՝ համադրելով դրանք գրաֆիկայի հետ: Սկզբում օգտագործում եմ մետաքսագրաֆիկա եւ առհասարակ՝ տարբեր տեխնիկական միջոցներ՝ գաղափարներն արագ կյանքի կոչելու համար»:

Սարգսյանը հավելեց, որ ժամանակակից արվեստը Հայաստանում բավարար ուշադրության չի արժանանում. «Միգուցե պատճառը երկրի տնտեսական վիճակն է: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում անհատներն են ձեռնամուխ թանգարանների զարգացմանը. անգամ ֆրանսիացի նկարիչներն են գնում ԱՄՆ՝ ցուցադրությունների: Առհասարակ, օտարերկրացիները հավասար մոտեցում ունեն հայ արվեստագետների գործերի նկատմամբ: Հայ արվեստը դրսում որպես այդպիսին չեն ճանաչում, քանի որ բավարար չափի ցուցադրություններ չկան»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930