Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը մասնակցում է «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետների հանդիպումներին

Սեպտեմբեր 13,2012 11:32

Հատվածներ ԱԺում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:

 – Ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը համարում են այն, որ Դուք Ռոբերտ Քոչարյանի «մարդն» եք։

 

– Ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ են գրում լրատվամիջոցներն այդ մասին։ Ես Ձեր թերթին տրված հարցազրույցներից մեկում («Ժողովուրդ», 2011թ., թիվ78) հստակ ասել էի, որ ինձ որեւէ մեկի «մարդ» համարելը նշանակում է չճանաչել Գառնիկ Իսագուլյանին։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, դարձյալ Ձեր թերթում ասել էի, որ նրա նախագահության օրոք ես եղել եմ ՀՀ նախագահի խորհրդականն ազգային անվտանգության հարցերով, մեր հարաբերությունները եղել են շատ լավ եւ մնում են այդպիսին։ Այժմ էլ անհրաժեշտության եւ առիթի դեպքում հանդիպում եմ պարոն Քոչարյանին։ Որեւէ մեկի պաշտոնավարման ժամկետի ավարտը չի նշանակում նաեւ մարդկային փոխհարաբերությունների կասեցում։ Տեղին չեմ համարում այն մարդկանց քծնազեղումները, որոնք Ռ. Քոչարյանի նախագահության օրոք անվերապահ նվիրվածության երդումներ էին տալիս նրան, իսկ այժմ հրապարակավ հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին չեն հանդիպել Ռ. Քոչարյանի հետ։ Ցավոք, դա եղել է առաջին նախագահի պաշտոնավարումից հետո, լինում է այժմ, եւ եթե ոչինչ չփոխվի, այն ավելի վատ դրսեւորումներով կշարունակվի նաեւ ապագայում։ Եւ այն ժամանակ ոչ ոք չի ասի. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում», այլ մեկ ուրիշը կասի. «Եւ դո՞ւ, Բրուտոս…», բայց արդեն ուշ կլինի։

– Պարոն Իսագուլյան, թույլ տվեք ստուգել Ձեր ազատության աստիճանը։ Տարեսկզբին մեր թերթում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Իսպանիայի Տոլեդո քաղաքից Հայաստան են բերվել հատուկ թրեր, որոնցով հայկական հնագույն բերդերից մեկում տեղի է ունեցել երդման արարողություն։ Այդ իրադարձությունը որոշ շրջանակների կողմից կապվում է Ձեր անձի հետ։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Նման տեղեկություն ես ծրարով ստացել էի դեռեւս երկու տարի առաջ, երբ ինձ տրված հերթական ծրարը համարեցի քաղաքացու պահանջ կամ խնդրանք։ Անկեղծ ասած, ծրարի բովանդակությանը ծանոթանալուց հետո զանգահարեցի նամակների բաժին՝ տիկին Ասատրյանին, եւ նա ինձ ասաց, որ նման բովանդակությամբ նամակներ կամ առաջարկություններ շատ են լինում, «հատկապես հիվանդ մարդկանց կողմից, եւ չարժե դրանց ուշադրություն դարձնել»։ Ձեր հրապարակումից հետո ես, օգտագործելով անձնական կապերս, հարցումներ եմ արել նույնիսկ Իսպանիա, սակայն հստակ պատասխան չեմ ստացել։ Այդ տեղեկատվության հավաստիության մեջ ես որոշակի տարակուսանք ունեի, եւ այժմ էլ տարակուսանքս լիովին փարատված չէ։ Այս տարվա հունիսին ինձ հրավիրել էին Ամբերդ հանդիպման։ Ես երկու հոգու ուղեկցությամբ եղել եմ այդ հանդիպմանը։ Այն բավական խորհրդավոր էր: Զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ։ Մոտ երկու ժամ տեւած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրեցին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակել։ Զարմանալիորեն, Ձեր թերթի վերջին հրապարակումից հետո, որտեղ իմ անձը կապվում է այդ թրերի պատմության հետ, ես կրկին հանդիպման հրավեր ստացա, այս անգամ Բջնիի բերդում։ Նույն ընկերների ուղեկցությամբ գնացի այդ բերդ, որտեղ տեղի ունեցած զրույցից հետո պայմանավորվեցինք, որ կարող եմ այդ հանդիպումների որոշ մանրամասների վերաբերյալ հրապարակավ հանդես գալ։ Որքանով են «թրերի պատմություն» եւ «Մհերի դուռ» միաբանությունը նույնական՝ ես առայժմ ասել չեմ կարող։

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930