Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մասնակցելու է շրջակա միջավայրի մաքրման՝ «Մենք կարող ենք» միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կողմից՝ նպատակ ունենալով իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը:
ԵՄ պատվիրակության տասներկու աշխատակիցներ և նրանց երեխաները միանում են այս նախաձեռնությանը: Նրանք ցանկանում են մաքրել Պատվիրակության հարակից Ֆրիկ փողոցը և տեսակավորել հավաքված աղբը: Պատվիրակությունն ուրախ է իր համեստ ներդրումը կատարել ավելի մաքուր Հայաստան ունենալու հարցում: Շրջակա միջավայրի պահպանումը գերակա քաղաքականություն է Եվրամիության համար:
Լրացուցիչ տեղեկություններ
«Մենք կարող ենք» համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար (Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա` ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների): Արդեն իսկ հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրելու են իրենց երկիրը աղբից: 2012թ. Հայաստանը նույնպես միացել է այս էկոլոգիական շարժմանը: Հայաստանում «Մենք կարող ենք» շարժման պաշտոնական ներկայացուցիչն է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: