Ուսումնասիրելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 2010 եւ 2011 թվականների գործունեության վերաբերյալ հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան հաղորդումները՝ հասցեագրված ՀՀ Ազգային ժողովին ու նախագահականին, ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս։
Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը մեծ մասամբ ծառայում է հանրության ժամանցն ապահովելու, քան թե նրան տեղեկատվություն տրամադրելու նպատակին, կամ էլ հասարակության, ասենք, կրթական, քաղաքական կամ մշակութային մակարդակը բարձրացնելուն։
Մինչդեռ թվում էր, թե պետբյուջեից մեծամեծ գումարներ Հ1-ը հենց դա անելու համար պետք է ստանար։ Հանրային հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալները շատ ավելի մեծ հեռուստալսարան են ունենում, քան լրատվական ծրագիրը, որը 2010 թվականին կոչվում էր «Հայլուր», 2011-ին՝ «Առաջին լրատվական»։ Այսպես, օրինակ, համաձայն ներկայացված գծապատկերի՝ 2010 թվականին հեռարձակված «Աննա» հեռուստասերիալը ունեցել է ավելի բան 529 հազար դիտում, «Որբեր–2»-ը՝ ավելի քան 506 հազար։ Իսկ ահա «Հայլուր» լրատվական ծրագիրը՝ ընդամենը ավելի քան 356 հազար դիտում է ապահովել։ Եվ եթե 2010 թվականին «Հայլուրն», այդուամենայնիվ, ընդգրկված էր Հայաստանի հեռուստաեթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 10 հաղորդումների մեջ, ապա արդեն 2011 թվականին Հանրայինի՝ «Աոաջին լրատվական» վերանվանված ծրագիրը նույնիսկ տասնյակում չկա։ Դե, իսկ առաջատարը կրկին սերիալն է, այս անգամ՝ «Աննա–2»-ը։ Վերջինիս ապահոված դիտումների թիվը ավելի բան 512 հազար է։
Կարդացեք նաև
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերռւթյան գործունեության վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդումներում մեկ այլ հետաքրքրական հանգամանք է նկատվում։ Բացի սերիալներից, բարձր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդումներից են, օրինակ, «Եվրատեսիլը», ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կամ ֆուտբոլի տարբեր առաջնություններ։ Այսինքն՝ այնպիսի հաղորդումներ, որոնք ո՛չ սեփական արտադրության են, եւ Հանրային հեռուստաընկերությունը պարզապես ձեռք է բերել դրանք հեռարձակելու իրավունքը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»