«ՖԻԴԵ-ի համաժողովում մինչեւ քվեարկությունը հայտարարվեց, որ գործկոմը որոշում կայացրել է՝ 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը տալ Ադրբեջանին: Ես, իհարկե, համաժողովի նիստում մի քանի անգամ դեմ արտահայտվեցի՝ բերելով մեր հակափաստարկները, սակայն ՖԻԴԵ-ի անդամ ավելի քանի 160 երկրներից առնվազն 120-130-ը գաղափար չունեն մեր ու հարեւան երկրի հակամարտության մասին ու չեն հասկանում, թե սա ինչ թշնամություն է սահմանակից հարեւան երկրների մեջ, որը չի լուծվում: Այդ երկրները նայում են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը, որին վստահում են, ու քվեարկում այնպես, ինչպես նրանք որոշել են:
Կանոնադրությամբ ՖԻԴԵ-ի համաժողովներում քաղաքական ելույթներ ունենալ չի կարելի: Ճիշտ է, իմ ելույթների ենթատեքստում դա կար, բայց այդ երկրներին բացատրելու համար, թե իրականում ինչն ինչոց է, ժամեր կպահանջվեր ու պարզ էլ չէ, թե կհասկանայի՞ն», – Aravot.am-ին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ