Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ներքաղաքական անցքերը

Սեպտեմբեր 13,2012 10:10

Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ լրագրողներն ու հատկապես Հանրապետական խմբակցության պատգամավորները անհամբերությամբ էին սպասում: Կարծիք կար, թե աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն աչքի է ընկնելու գործադիրին ուղղված սուր հարցադրումներով: Չէ՞ որ նախընտրական աշուն է, քաղաքական մթնոլորտը լարված է, և 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածուներ առաջադրելու կամ վարչապետի պաշտոն ստանալու հավակնություններ ունեցող ուժերը պետք է ոչ միայն ելույթներով, այլև սուր հարցերով քննադատեն իշխող ՀՀԿ-ին ու նրա կառավարությանը:

Պատգամավորները կառավարությանն ուղղված հարցադրումներում սովորաբար ներառում են նաև իրենց կարծիքը, քննադատական դիտարկումներն ու դժգոհությունները: Այդ առումով սպասումները ձևավորվել էին հատկապես ԲՀԿ նկատմամբ` ակնկալելով, որ այս խմբակցության պատգամավորները կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին առանձնակի դաժանությամբ հարցակոխ կանեն: Հատկապես, որ վերջին շրջանում ԲՀԿ-ն պլանավորած քննադատում է Տ. Սարգսյանի գործունեությունը: Եվ ՀՀԿ-ական պատգամավորները զուգահեռաբար պատրաստել էին այնպիսի հարցեր, որոնց պատասխանները պետք է մեղմեին կառավարությանը քննադատող հարցադրումների մթնոլորտը: Սակայն որքան էլ զարմանալի է, ԲՀԿ-ն երեկ չհիշեց իր կողմից անընդհատ բարձրաձայնվող տնտեսական խնդիրները: ԲՀԿ երիտասարդ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցը վերաբերում էր բանակում տիրող մթնոլորտին: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կառավարությանը հարց ուղղեց` հասկանալու համար, թե ինչ տարբերություն կա Համախառն ներքին արդյունք և տնտեսական ակտիվություն տերմինների միջև: Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջին տարիներին ՀՆԱ-ի աճ-ի ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եվ Վ. Օսկանյանն այնպիսի մեղմությամբ ձևակերպեց իր հարցը, որ պատգամավորներն ու լրագրողները զարմացած նրան էին նայում: Նա ասաց, թե կասկածի տակ չդնելով հրապարակված թվերը, բայց այնուամենայնիվ մի քիչ կասկածելով՝ ցանկանում է հասկանալ, թե ինչպես կարող է տնտեսական ակտիվություն գրանցվել, երբ մակրոտնտեսական ցուցանիշները չեն փոխվում: Նա նաև ցանկանում էր հասկանալ, թե ի վերջո Հայաստանը Ռուսաստանից ի՞նչ գնով է գազ ներմուծում: Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է, որ գազի գնման արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց 190 դոլար է, մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի տվյալներում գազի մաքսային արժեքը 220 դոլար է: Իհարկե, հարցին պատասխանող Վաչե Գաբրիելյանը պետք է որ չհիշեր, թե ՀՀ-ն ՌԴ-ից ինչ արժեքով է գազ գնում: Դա այնպիսի մանրուք է մեր ներմուծման կառուցվածքում ու տնտեսության համար, որ ֆիննախարարը չէր կարող մտաբերել: Իհարկե, Վ. Գաբրիելյանը ինչ-որ պատասխան տվեց նաև ԲՀԿ պատգամավորի առաջին հարցին, սակայն էականը դա չէ: Հետաքրքիրն այն է, որ հունիսին, երբ քննարկվում էր գրեթե նույն կազմով վերանշանակված այդ կառավարության ծրագիրը, Վ. Օսկանյանը անխնա քննադատության ենթարկեց վարչապետի ու գործադիր իշխանության անցած 5 տարիների աշխատանք: Բացի այդ, ամեն մի պատեհ առիթի ժամանակ ԲՀԿ-ն ու Օսկանյանը քննադատում են իշխանությունների արտաքին քաղաքականությունը: Դա լավագույնս դրսևորվեց անցած շաբաթ Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու Վ. Օսկանյանը մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուներին՝ նախարարին, դիվանագետներին, միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչական խմբերին անարգանքի սյունին գամեցին: Սակայն զարմանալիորեն նրանք երեկ բաց թողեցին կառավարությանը իր իսկ ներկայությամբ քննադատելու հիանալի հնարավորությունը: Չէ՞ որ քիչ թե շատ ազդեցիկ ոչ մի քաղաքական ուժ նախընտրական թեժ աշնանը իրեն նման հաճույքից չի զրկում: Իշխանական կերակրատաշտին մոտ գտնվող բոլոր ուժերն էլ, իսկ ԲՀԿ-ն թեև կոալիցիայի անդամ չէ, բայց այդպիսին է, ընտրությունից առաջ փորձում են ընդդիմադիր լինել իշխող կուսակցության նկատմամբ: Այսպիսով նրանք փորձում են լուծել երկու խնդիր՝ հանրության մոտ իշխանությանն այլընտրանք լինելու տպավորություն ստեղծել, որ արդյունքում հնարավորինս շատ ձայներ ստանան, և իրենց անհնազանդ կեցվածքով իշխանություններից հնարավորինս շատ մասնաբաժին պոկեն:

Սակայն ԲՀԿ երեկվա կեցվածքը դրա հետ միասին այլ բան էր հուշում: Արդեն ՀՀԿ-ԲՀԿ տարիներ տևող լարվածությունը կարծես թե մոտենում է վերջնական փուլին: Այս աշնանը պետք է որոշվի, թե այս ուժերը նախագահական ընտրություններին ու դրանից հետո ինչ հարաբերություններ են ունենալու միմյանց հետ: Դա նորի՞ց լինելու է կոալիցիոն գործընկերային, և ԲՀԿ-ն պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ այդ կուսակցությունն, ի վերջո, նոր բևեռ է ձևավորելու: Փաստ է, որ ժամանակ առ ժամանակ ԲՀԿ սուր քննադատություններին հաջորդում է հարաբերական անդորրը: Իշխանական կուլիսներում շրջանառվող բացատրությունների համաձայն` «վերևից» զգուշացրել են հրադադար վերցնել: «Վերև» ասելով՝ այս դեպքում նկատի ունեն Ս. Սարգսյանին ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Եվ ներքևներում արդեն առժամանակ մոռանում են տնտեսության ու արտաքին քաղաքականության բացթողումները: Այսինքն` առաջիկա մի քանի ամիսներին մենք պարբերաբար ականատես կլինենք ՀՀԿ-ԲՀԿ թեժացող կամ մարող կրքերին: Դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե Գ. Ծառուկյանը կհայտարարի՞, որ պաշտպանելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը: Եթե այո, ապա ի՞նչ է պահանջելու դրա դիմաց: Կամ արդյո՞ք իրեն պաշտպանելու համար Ս. Սարգսյանը էական զիջումների կգնա: Եվ պայմանավորված այս բանակցությունների պարբերական տրամադրություններով վարչապետ Տ. Սարգսյանն ու նրա ղեկավարած կառավարությունը կդառնան ԲՀԿ սուր քննադատությունների թիրախը կամ ժամանակավոր շունչ կքաշեն՝ իհարկե, օրակարգում ունենալով ԲՀԿ քննադատական հայտարարությունների հերթական հեռանկարը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930