Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մարտիրոսյանը` մեղադրողներին. «Ձեզ լավ տղու տեղ մի դրեք, դուք ընդամենը մենթեր եք, որ կեղծել եք գործը»

Սեպտեմբեր 12,2012 23:06

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստում, օրվա երկրորդ կեսին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը շարունակեցին գործով վկա, քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը:

Փաստաբան  Շուշանյանը հարցրեց, թե  Նազարյանի մահվան դեպքից 6 ժամ առաջ նրա ստացած մարմնական վնասվածքների պատճառները պարզելու համար հարցաքննվե՞լ են մարտական հենակետի զինծառայողները: Քննիչն ասաց, որ հենակետի զինծառայողները, բացառությամբ այդ ժամանակ քնածների եւ դիտակետում գտնվողների, հարցաքննվել են: Փաստաբանը հարցրեց, թե մահվանից 6 ժամ առաջ Նազարյանի ստացած վնասվածքների վերաբերյալ հենակետի զինծառայողներից ո՞վ է հարցաքննվել: Քննիչը պատասխանեց՝  Արման Մնացականյանը եւ Գարեգին Սայադյանը: Փաստաբանը հարցրեց, թե ինչո՞ւ  միայն այդ երկուսն են հարցաքննվել: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ վերջին 6 ժամվա հետ կապված  մեղադրանքի ծավալում որեւէ բան չկա: Շուշանյանը դիմեց դատավորին. «Հենց հիմա ազատ արձակեք մեղադրյալներին: Նախաքննությունը չի պարզել, թե վերջին 6 ժամում ինչ է տեղի ունեցել եւ ինչից են առաջացել այդ մարմնական վնասվածքները: 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որից 4-ը 2 տարուց ավելի կալանքի տակ է գտնվում, ուրեմն կարող ենք հայտարարել, որ այդ մեղադրանքները լրիվ անհիմն են: Եթե մեղադրանքի ծավալի մեջ մտնում է  հուլիսի 19-ի (Նազարյանի մահից 8 օր առաջ-Ո.Ս.) միջադեպը, բայց չի մտնում մահվանը նախորդող վերջին 6 ժամվա ընթացքում տեղի ունեցածը, ուրեմն այս մարդկանց ազատ արձակեք»:

Դատավորն ասաց, որ վերջին 6 ժամվա վերաբերյալ նախաքննական մարմինն ապացույցներ ձեռք չի բերել:

Ռ. Մարտիրոսյանը քննիչին հարցրեց՝ նրան որտեղի՞ց  է հայտնի, որ Ա.  Նազարյանն այդ մարմնական վնասվածքները չի ստացել դիտակետում: Քննիչ Պետրոսյանն ասաց, որ ինքը ֆիքսել է  ողջ գիշերվա ընթացքում Նազարյանի կատարած  տեղաշարժը: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկան ակնհայտ կեղծ ցուցմունք է տալիս, եթե նա ֆիքսել է այդ ընթացքում Նազարյանի տեղաշարժը,  ապա  ինչո՞ւ չի պարզել, թե Նազարյանը որտե՞ղ, ո՞ւմ հետ եւ ի՞նչ խմիչք է օգտագործել: Վկան ասաց, որ հարցի պատասխանը  կա քրեական գործի նյութերում եւ  ցուցմունքների մեջ, հետո  հավելեց, որ քննությամբ չի պարզվել այդ հարցերի պատասխանը:

Ռ. Մարտիրոսյանը խոսեց կրակոցի լրացուցիչ արգասիքների մասին, որ հենակետի 7 զինվորների հագուստների վրա հայտնաբերվել են պղնձի մետաղայնացման հետքեր եւ հարցրեց՝ նրանք կրակոցի ժամանակ  եղե՞լ են ժայռաբեկորի մոտ, ինչպե՞ս են այդ հետքերը նրանց վրա հայտնվել: Քննիչն ասաց, որ զինվորները պարբերաբար կրակային պատրաստության դասընթացի  են մասնակցում, իսկ կրակոցի լրացուցիչ արգասիքները ուշ են մաքրվում, որ եթե զինվորները  կրակոցի պահին մոտակայքում լինեին, ապա նրանց մարմինների վրա պղնձի մետաղայնացման հետքերը կգերազանեին թույլատրելի շեմը: Որտեղի՞ց է հայտնի, որ մետաղայնացման հետքերը երկար են պահպանվում՝ հարցրեց Մ. Շուշանյանը: Քննիչն ասաց, որ ինքը փորձագիտական կենտրոնում վերապատրաստան դասընթացների  ժամանակ է իմացել: Շուշանյանն ասաց, որ վկան իրավասու չէր իրեն փորձագետի տեղ դնելով՝ նման պատասխան տալ :

Վեճ բռնկվեց մեղադրողների եւ  փաստաբան Շուշանյանի միջեւ: Շուշանյանը  մեղադրողներին ասաց, որ նրանք լկտի եւ ցինիկ պահվածք ունեն, եւ նրանցից պահանջեց  իրենց չափերի մեջ պահել:  Աղմուկ բարձրացավ: Մեղադրող Հայկ Հարոյանը դատավորից 5 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի դահլիճից  Շուշանյանի հետ դուրս գա: Ռ. Հայրապետյանը մեղադրողներին ասաց. « Ձեզ լավ տղու տեղ մի դրեք, դուք ընդամենը մենթեր եք, որ կեղծել եք գործը»: Մարտիրոսյանը  քննիչ Լ. Պետրոսյանին անվանեց հանցագործ, վերջինս արձագանքեց՝ հանցագործը դու ես: Դատավոր Մարդանյանը պահանջում էր դադարեցնել վեճը: Շուշանյանն ասաց, որ մեղադրողներն  անտեղի ռեպլիկներ են հնչեցնում, խոչընդոտում  վկայի հարցաքննությանը, դատարանում անառողջ մթնոլորտ է: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատավոր Մարդանյանն անկողմնակալ չէ, եւ դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Շուշանյանը, Ծ. Նազարյանը, 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը, Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբօղլյանը, ամբաստանյալները  միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Դատավորը  հեռացավ խորհրդակցական սենյակ,  բացարկի միջնորդությունն անհիմն համարելով՝ այն մերժեց:

Վկայի հարցաքննությունը շարունակվեց: Ծ. Նազարյանը  քննիչին ասաց, որ դեպքի վայրի տեղազննության արձանագրությանը կից պետք է լիներ 19 լուսանկար, սակայն քրեական գործում առկա է  16 լուսանկար: Քննիչը ասաց, որ ինքը դա չի  նկատել: Ռ.Մարտիրոսյանը քննիչին հարցրեց, թե ինչո՞ւ կապիտան Մանուկյանի  մարմնից եւ  3 զինվորների մարմիններից  վերցրած քսուկների վրա պղնձի մետաղացման հետքեր չեն հայտնաբերվել է, իսկ 7  զինծառայողների մարմինների վրա հայտնաբերվել են եւ հարցրեց դա պատճառը: Քննիչն ասաց,որ հայտնաբերված հետքերը չեն գերազանցում թույլատրելի շեմը, որ հավանաբար կապիտան Մանուկյանն ավելի մաքրասեր է, ինքը ստույգ  չի կարող ասել դրա պատճառը: Ինչո՞ւ այդ հարցի վերաբերյալ չեք հարցաքննել վկաներին եւ փորձագետին՝ հարցրեց Ռ. Մարտիրոսյանը: Քննիչն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ կշարունակվի քննիչ Լ. Պետրոսյանի հարցաքննությունը, կկայանա սեպտեմբերի 18-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930