Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանն ասում է, որ կանայք մեծամասամբ օգնության են դիմում այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում: Քոչինյանը բացատրում է, որ կանայք ընտանիքներում ենթակվում են տնտեսական, ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնության մեծամասամբ ամուսինների կողմից: «Պարբերաբար, տարիներով բռնության ենթարկվելուց հետո նոր դիմում են, երբ տեսնում են, որ ոչ թե դիմանալու, այլ կյանքի ու մահու կռիվ է, երբ կարող են ամեն վայրկյան սպանվել »,-ասում է նա:
Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում կենտրոնի թեժ գծին զանգահարել է բռնության ենթարկված 246 կին, որոնցից 99 –ը հաջորդող օրերին այցելություն է կատարել: Զանգեր ու այցեր կատարած կանանց մոտ 65-70 տոկոսը հոգեբանական բռնության ենթարկված կանայք են:
Սիրան Քոչինյանի խոսքերով բռնարար ամուսինների 70 տոկոսը խմում է, կան նաեւ խաղամոլ, թմրամոլ, խանդոտ եւ իրենց կանանց դավաճանող բռնարար տղամարդիկ: Սակայն, ոչ բոլոր դեպքերում են կանայք նախընտրում բաժանվել ամուսիններից: «Գնալու տեղ չեն ունենում, չեն աշխատում, նյութապես կախյալ վիճակում են գտնվում, վախենում են հասարակական կարծիքից, բացի այդ` ամուսնալուծված կնոջ կարգավիճակը Հայաստանում այլ է, այլ աչքով են նայում, որոշների մոտ էլ զգացմունքներ կան, սիրում են ամուսիններին »:
Սիրան Քոչինյանը ասում է, որ թեեւ կանայք գյուղերում ավելի շատ են ենթարկվում բռնության, այնուամենայնիվ, ի տարբերություն քաղաքաբնակների, դա ընդունում են որպես օրինաչափություն, համակերպվում են:
Կարդացեք նաև
«Ուղղակի գյուղերում շատ դեպքերում չեն գիտակցում, որ իրենք բռնության են ենթարկվում, դա ընդունում են որպես օրինաչափություն: Համակերպված են, ընդունում են, որ դա այդպես էլ պիտի լինի, քաղաքում գիտակցության առումով ուրիշ ձեւով են նայում»,-եզրափակում է Սիրան Քոչինյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ