«Ե՞րբ եւ ինչպե՞ս են 2012-2013 ուստարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված համակարգիչները: Կարո՞ղ եք երաշխավորել, որ համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության հրաժարականը »,- այս հարցը ՀԱԿ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր ուղղել էր ՀՀ կառավարությանը` հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Կառավարությունից Փաշինյանը գրավոր պատասխան է ստացել, որ կառավարության ծրագիրը 2012-2017 թթ. համար է, եւ 2012-ի բյուջեով նման միջոցներ սահմանված չեն:
Պատասխանը պատգամավորին չի բավարարել: «Կառավարութունը նախագահական ընտրություններից հետո հրաժարական է տալիս, այսինքն` հունիսից փետրվար ընկած ժամանակահատվածը կառավարության միակ շանսն է կատարելու առաջին դասարանցիներին տված խոստումը: Քիչ է, որ չափահաս քաղաքացիներին տված խոստումները մեր կառավարությունը չի կատարում, հիմա էլ անցել է առաջին դասարանցիներին»,-հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը Տիգրան Սարգսյանը, ով պատասխանեց հարցին` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հարգելի բացակայության պատճառով, հիշեցրեց, որ ԱԺ դատին ներկայացված կառավարության ծրագիրը հնգամյա ծրագիր է: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեսակետներ հնչեցին, թե կառավարության ծրագիրը պետք է կարճաժամկետ լինի, սակայն կառավարությունն այդ ճանապարհով չի գնացել, քանի որ այն ուժը, որ ձեւավորվել է ԱԺ-ում, գործելու է հինգ տարի եւ հենց այդ ուժի քաղաքականությունն է ներկայացնում կառավարությունը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում այդ ծրագրի ուղղությամբ, որով նախատեսվում է տարեկան հինսուն հազար համակարգիչ ձեռք բերել: Բանակցություններ են սկսվել «Ինտել» ընկերության հետ, որը մասնագիտանում է հենց կրթական ծրագրում: «Հուշագիր ենք ստորագրելու` ՀՀ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու: Ենթադրում ենք, որ կարող ենք ստեղծել համակարգիչների հավաքման մի ձեռնարկություն, որը ի վիճակի կլինի մեզ մատակարարել այդպիսի համակարգիչներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
«Ինտելի» հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Եթե «Ինտել» ընկերությունը հրաժարվի համակարգիչների հավաքման ձեռնարկություն հիմնել, կառավարությունը միջազգային մրցույթ կիրականացնի: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ խորհրդարանը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել այդ ծրագրի նկատմամբ:
Կարդացեք նաև
Փաշինյանը հակադարձեց, թե դուք ինձ մի ասեք, այլ փոքրիկներին. «Չնայած այս հաղորդումը եթեր է հեռարձակվելու բավական ուշ եւ մեր փոքրիկներն արդեն քնած կլինեն: Նրանց ասեք բարի գիշեր, իսկ մեծերին էլ փոխանցենք, որ սպասեն համակարգիչներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ