«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրավիրում են քաղաքակիրթ բանավեճի՝ իրենց ակումբում: Վանիկ Էլիզբարյանի խոսքերով՝ «Քաղաքակիրթ մթնոլորտում ողջ բանավեճը կազակերպելու եւ անցկացնելու նախաձեռնությունը վերցնում ենք մեզ վրա: Պատրաստ ենք երկու կողմերի ընդհանուր համաձայնությամբ այն իրականացնել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին եւ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի համար նման հարթակ էր առաջարկել նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, սակայն Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ մասնակցել: Վանիկ Էլիզբարյանի խոսքերով՝ «Հույս ունենք այս անգամ երկու կողմն էլ չեն մերժի եւ կընդունեն հրավերը, այս պահին փորձում ենք բանակցություններ վարել, որպեսզի դեբատը մեզ մոտ կազմակերպվի: Եթե համաձայնությունը ստանանք, տեղն ու ժամը կորոշվի հյուրերի փոխադարձ համաձայնությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ