44-ամյա Սիմոն Հարությունյանը մեծ ոգևորությամբ այս տարիքում դիտում է մուլտֆիլմեր`սկսած սովետական արտադրության, վերջացրած վերջին տարիների նկարահանածներից: Բացատրում է, որ միայն մուլտֆիլմերի մեջ կարող ես գտնել բարություն ու պարզություն: Սիրած մուլտֆիլմերն են «Թոմը եւ Ջերին», «Մաուգլին», «Տարզանը»: Սիրած հերոսն էլ «Թոմ եւ Ջերի» մուլտֆիլմից շան կերպարն է, որին էլ իրեն է նմանեցնում: «Իմ մանկությունն անցել է առանց մուլտերի: Անգամ հեռուստացույց չունեինք: Բակային կյանքն էր փոխարինում դրանց: Իսկ հիմա երևի մանկության պակասն եմ լրացնում, որ այդքան շատ եմ սիրում»,-բացատրում է Սիմոնը: Տանը ունի մուլտֆիլմերի մեծ հավաքածու, որոնց մեջ գերակշռում է «Թոմը եւ Ջերի»-ն: Անգամ հետևում է նոր սերիալների թողարկմանը, որ ոչինչ բաց չթողնի: «Հեռուստացույցը միացնում ես ու նորմալ ոչինչ չես գտնում` անմակարդակությունից բացի, իսկ քեզ մնում է միայն դիտել այն, ինչ պարզ է ու առանց կեղծիքների»,-ասում է նա, ու ավելացնում`մուլտերից երբեք չի հոգնի:
21-ամյա Գրիգորը շատ լավ հիշում է իր մանկության մուլտֆիլմերը, որոնց մեջ էին «Վինի Թուխը», «Դե սպասիրը», «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան» ու ռուսական մի շարք մուլտեր, բայց մինչ հիմա էլ մեծ հաճույքով դիտում է, երբ հեռուստացույցով ցուցադրում են. «Հատուկ ժամանակ չեմ տրամադրի մուլտիկներին, բայց երբ գտնում եմ իմ սիրածը` մեծ ոգևորությամբ դիտում եմ»,-ասում է նա: «Վինի Թուխ» մուլտֆիլմի գլխավոր հերոսը`արջը, սիրում է մեղր, ու պատրաստ է մեղրի համար, անգամ մեղվի փչակ բարձրանալ: Գրիգորը իրեն նմանեցնում է Թուխին, ու բացատրում, որ ինքն էլ իր «մեղրի» համար պատրաստ է ամեն ինչի, իսկ իր «մեղրը» իր սիրած աղջիկն է:
8 -ամյա Տիգրանը, ով օրվա մեծ մասը անցկացնում է համակարգչի առջև, հրաժարվում է մուլտֆիլմեր դիտելուց: Զրույցի ընթացքում երեխան անկեղծացավ ու ասաց, որ ավելի է լավ է համակարգչային խաղերով զբաղվի, քան մուլտեր դիտի. «Դրանք ավելի հետաքրքիր են, դու ես որոշում` ինչպես խաղաս, իսկ մուլտիկը պիտի սպասես, որ տեսնես` ի՞նչ ա լինում վերջում»:
Հոգեբան Մարինե Բաբայանը փոքր տարիքում դիտել է ու մինչև հիմա էլ դիտում է մուլտֆիլմեր: Բացատրում է, որ ժամանականից մուլտֆիլմերը ստեղծված են ավելի մեծահասակների համար: Հումորները, թեմաները երեխաները չեն հասկանում, այդ իսկ պատճառով չեն դիտում: Իսկ մեծահասակների մուլտֆիլմ դիտելը բացատրում է նրանով, որ հեռուստաեթերում դրականը քիչ է մնացել. «Չկան դրական ֆիլմեր: Մուլտֆիլմերում իրականությունը ավելի նուրբ է ներկայացված, դրական էմոցիաներն ավելի շատ են: Իսկ լավ զգացմունքների կարիք մարդը միշտ ունենում է, ցանկացած տարիքում: Կան մեծահասակներ, որ հեքիաթներ են կարդում, անգամ եթե կերպարները իրական չեն: Նրանք ցանկանում են` պարզապես դրական զգացմունքներ ստանան»,- բացատրում է հոգեբանը:
Լիլիթ Սարգսյան