ՀՅԴ խմբակցության քարտուղար եւ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին այսօր Aravot.am-ը հարցրեց, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում միանալ ՀԱԿ-ի առաջարկին եւ կիսո՞ւմ է ՀԱԿ-ի մտահոգությունը, որ մեր նման փոքր բյուջե ունեցող պետության համար շքեղություն է ԱԺ խմբակցություններին ու հանձնաժողովներին թանկարժեք Toyota Camry ավտոմեքենաներ հատկացնել:
Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման ծրագրերը, նման ծախսերն ամբողջ պետության մակարդակով են արվում: Եթե խնդիր կա, ուրեմն դա պետք է վերաբերվի ամբողջ պետական համակարգին, ոչ միայն Ազգային Ժողովին: Այնպես որ ես կարծում եմ, որ մասնակի նման առաջարկություններն ուղղակի ինչ-որ տեղ պոպուլիստական հնչեղություն ունեն: Խնդիրը պետք է կարգավորել համակարգային՝ ամբողջ պետության մակարդակով, ոչ թե մասնավոր դեպքերում»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով ավելի էժան ավտոմեքենաներ հատկացնել խմբակցություններին եւ հանձնաժողովներին եւ խնայողություն անել՝ բյուջեի նման սուղ պայմաններում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև